ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները

ԳԼՈՒԽ 1
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ


Հոդված 1.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են:

Հոդված 2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես անօտարելի ու բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության եւ խաղաղության հիմք:

Հոդված 3.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների եղանակով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

3. Իշխանության յուրացումը հանցագործություն է:

Հոդված 4.

Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 5.

Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 6.

1. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Հոդված 7.

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

2. Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ ներպետական իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքնե րին: Ներպե տական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

3. Օրենքները եւ այլ ներպետական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակումից հետո:

4. Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրությանը կամ օրենքին հակասող ճանաչված այլ ներպետական իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

6. Օրենքներն ու այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

8. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել: Օրենքին հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող հաստատվել:

Հոդված 8.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը:

2. Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին:

3. Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:

Հոդված 9.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունը եւ ազատ տնտեսական մրցակցությունը:

2. Արգելվում է անբարեխիղճ մրցակցությունը:

3. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի թույլատրելի տեսակներն ու սահմանները կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի ապահովման համար:

4. Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը:

Հոդված 10.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունն արցախահայության հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հոդված 11.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը:

2. Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո£

Հոդված 12.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սզբունքներին եւ նորմերին համապատասխան:

Հոդված 13.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը:

Հոդված 14.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ներքո:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերման եւ դադարման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 15.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է բնակչության մեջ տարածում գտած այլ լեզուների ազատ գործածումը:

Հոդված 16.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող եւ դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Դրոշի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը եւ օրհներգը սահմանվում են օրենքով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է: