ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 10. Տեղական ինքնակառավարումը

Հոդված 123.

Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Հոդված 124.

1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:

2. Համայնքն ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:

Հոդված 125

1. Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային նշանակության հարցերի լուծմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ` իր պատասխանատվությամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասը օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:

2. Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հոդված 126.

Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ պետության սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփականությունն է:

Հոդված 127.

1. Համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն:

2. Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:

3. Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից:

4. Համայնքները սահմանում են տեղական հարկեր եւ տուրքեր` օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 128.

1. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:

2. Պատերազմի ժամանակ կամ արտակարգ դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չի անցկացվում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Այդ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն, եւ ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում:

Հոդված 129.

1. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր:

2. Համայնքի ղեկավարի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 130.

1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվում է իրավական հսկողություն:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում է պետական վերահսկողություն:

Հոդված 131.

Կառավարությունը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

Հոդված 132.

1. Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է Կառավարության առաջարկությամբ: Մինչեւ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը Կառավարությունը համապատասխան համայնքներում կարող է նշանակել տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նոր ձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով:

3. Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ: