ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 11. Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն

Հոդված 133.

1. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

2. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, կարող է այն առարկություններով եւ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` նոր քննարկման:

4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

5. Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելու հարցը Ազգային ժողովում քվեարկության է դրվում նախագիծն ստանալուց հետո` վաթսունօրյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունվում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու վերաբերյալ, ապա Հանրապետության Նախագահն այն հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում:

Հոդված 134.

1. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ Կառավարության առաջարկությամբ` Սահմանադրության 133-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

Հոդված 135.

1. Պետության համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերը հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ Կառավարության առաջարկությամբ` հարցադրումների տեսքով` Սահմանադրության 133-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Պետության համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրաքվեով ընդունված որոշումները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:

Հոդված 136.

Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: