ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 12. Եզրափակիչ և անցումային դրույթներ

Հոդված 137.

Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն` ՙՍահմանադրության օր՚:

Հոդված 138.

Սույն Սահմանադրությունը, բացառությամբ 79-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետի, 128-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետին վերաբերող դրույթի, ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրա` ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում՚ հրապարակվելու հաջորդ օրվանից:

Հոդված 139.

Մինչեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելը ընտրված կամ նշանակված հանրային իշխանության սահմանադրական մարմինների, պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետը ավարտվում է մինչեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելը գործող իրավանորմերով սահմանված ժամկետի ավարտը:

Հոդված 140.

1. Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան 2015 թվականից` Ազգային ժողովի հաջորդ գումարումների համար: Մինչ այդ Ազգային ժողովի պատգամավոր միաժամանակ չեն կարող լինել Հանրապետության Նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, նախարարները եւ նրանց տեղակալները, վարչակազմերի ղեկավարները եւ նրանց տեղակալները, դատավորները, զինված ուժերում, դատախազությունում, ոստիկանության, ազգային անվտանգության եւ հարկային մարմիններում ծառայողները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ անձինք, իսկ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Սահմանադրության 99-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ Կառավարության կառուցվածքը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից: Մինչեւ սահմանադրական եւ վճռաբեկ պալատների կազմավորումը Գերագույն դատարանը Սահմանադրության 114-րդ հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնում է ամբողջ կազմով, վճռաբեկության կարգով գործերը քննում է օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

5. Սահմանադրության 128-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետին վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում Սահմանադրության ընդունումից հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների համար, որոնց ընտրություններն անցկացվում են 2007 թվականի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Այն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց ընտրության ժամկետը չի ավարտվում 2007 թվականին, իրականացնում են Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները մինչեւ իրենց ընտրության ժամկետի ավարտը:

Հոդված 141.

Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները եւ մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը.

2) մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի եւ օրհներգի մասին օրենքների ընդունումը ուժի մեջ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 23-ին եւ դեկտեմբերի 23-ին ընդունված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի եւ օրհներգի մասին որոշումները.

3) ուժը կորցրած է ճանաչվում 1994 թվականի դեկտեմբերի 22-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Հանրապետության Նախագահն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները մինչեւ իր ընտրության ժամկետի ավարտը:

4) ուժը կորցրած է ճանաչվում 2001 թվականի մարտի 19-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Ազգային ժողովն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները մինչեւ իր ընտրության ժամկետի ավարտը.

5) ուժը կորցրած է ճանաչվում 2004 թվականի մարտի 22-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Կառավարությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները.

6) մինչեւ Սահմանադրությանը համապատասխան դատարանակազմության ու դատավարական օրենսդրության ընդունումը եւ դատական նոր համակարգի կազմավորումը առաջին ատյանի դատարանը եւ Գերագույն դատարանը շարունակում են մինչեւ Սահմանադրության ընդունումը սահմանված լիազորությունների իրականացումը.

7) մինչեւ դատական նոր համակարգի եւ արդարադատության խորհրդի կազմավորումը դատական մագիստրատուրայի խորհուրդը շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր լիազորությունները.

8) գլխավոր դատախազը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ Սահմանադրությանը համապատասխան օրենքի ընդունումը եւ Սահմանադրության 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը.

9) մինչեւ Սահմանադրությանը համապատասխան օրենքի ընդունումը վերահսկիչ պալատը շարունակում է մինչեւ Սահմանադրության ընդունումը սահմանված լիազորությունների իրականացումը: Վերահսկիչ պալատի նախագահը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը.

10) Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրությանը:

Հոդված 142.

Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո: