ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 3. Հանրապետության նախագահը

Հոդված 61.

1. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

3. Հանրապետության Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է:

Հոդված 62.

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

2. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

3. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հոդված 63.
1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:

2. Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

3. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

4. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է Հանրապետության Նախագահ, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

5. Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ Գերագույն դատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումը ստանալոց հետո` տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահից £

6. Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:

7. Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

8. Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` քսաներորդ օրը:

Հոդված 64.

1. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` քառասուներորդ օրը:

2. Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում եռօրյա ժամկետում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:

Հոդված 65.

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 71-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը:

Հոդված 66.

Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչեւ պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրված Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը: Այդ դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` իննսուներորդ օրը, եւ նորընտիր Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` քսաներորդ օրը, իսկ եթե ընտրության արդյունքների վերաբերյալ Գերագույն դատարանը գործ է ընդունում քննության, ապա` դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո` քսաներորդ օրը:

Հոդված 67.

Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. ՙՍտանձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ի բարօրություն մեր ժողովրդի՚:

Հոդված 68.

Հանրապետության Նախագահը`

1. ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին.

2. Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն: Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով եւ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` նոր քննարկման: Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն.

3. Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով արձակում է Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ ընտրություն.

4. Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Կառավարության մյուս անդամներին£
Խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ խմբակցությունների ղեկավարների հետ` ազատում է վարչապետին: Վարչապետի ազատման կամ հրաժարականի, Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու, վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ընդունում է Կառավարության հրաժարականը.

5. Ազգային ժողովին է առաջարկում Գերագույն դատարանի նախագահի եւ մյուս դատավորների թեկնածությունները, Սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատարանների նախագահներին եւ մյուս դատավորներին, դադարեցնում է դատավորների լիազորությունները, համաձայնություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար.

6. Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածությունը: Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.

7. Ազգային ժողովին է առաջարկում վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը.

8. նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամներ.

9. օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.

10. կազմավորում է անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.

11. ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, ստորագրում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

12. նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը.

13.. զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.

14. Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

15. աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ դրություն:
Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

16. օրենքով սահմանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.

17. պարգեւատրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ.

18. լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը:

Հոդված 69.

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ:

Հոդված 70.

Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

Հոդված 71.

1. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

2. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Գերագույն դատարան:

3. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

Հոդված 72.

Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին: Տասնօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:

Հոդված 73.

1. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը , Ազգային ժողովը` Կառավարության առաջարկով եւ Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության եւ այդ հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու մասին:

2. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա Կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով:

Հոդված 74.

Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, արձակել Ազգային ժողովը, նշանակել կամ ազատել վարչապետին, գլխավոր դատախազին, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների պաշտոններում, ինչպես նաեւ իրականացնել Սահմանադրության 68-րդ հոդվածի 12, 17, 18-րդ կետերով սահմանված լիազորությունները:

Հոդված 75.

1. Հանրապետության Նախագահը ձեւավորում է իր աշխատակազմը:

2. Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով: