ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 4. Ազգային ժողովը

Հոդված 76.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

2. Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ եւ 15-րդ կետերով, 71, 73-րդ հոդվածներով, սույն հոդվածի 3-րդ մասով, 80, 81, 83, 84, 85, 89, 90, 92, 93-րդ հոդվածներով, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1.1, 1.2, 1.4 կետերով եւ 2-րդ մասով, 95, 97, 100-րդ հոդվածներով, 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով, 133, 134, 135-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

3. Ազգային ժողովը կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:

Հոդված 77.

1. Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է օրենքով:

2. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրը, երբ սկսվում են նորընտիր Ազգային ողովի լիազորությունները:

3. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

4. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակումից հետո` ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

5. Ազգային ժողովը չի կարող արձակվել պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաեւ, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված:

6. Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրը: Այդ դեպքում Ազգային ժողովի ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն, եւ ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում:

7. Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

8. Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 78.

Պատգամավոր կարող է ընտրվել քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հոդված 79.

1. Պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Պատգամավորն իր լիազորություններն իրականացնում է մշտական հիմունքներով:

2. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով:

3. Պատգամավորի կարգավիճակը, գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով:

Հոդված 80.

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

2. Պատգամավորը չի կարող ներգրավվել որպես մեղադրյալ, կալանավորվել, ինչպես նաեւ նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել առանց Ազգային ժողովի համաձայնության:

3. Պատգամավորը չի կարող ձերբակալվել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին: Այդ դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 81.

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովի արձակման, Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները խախտելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, հրաժարականի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու, մահացած հայտարարվելու դեպքերում:

2. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 82.

1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո` երրորդ հինգշաբթի օրը:

2. Մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը Ազգային ժողովի նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

Հոդված 83.

1. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ, նախագահի տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Հոդված 84.

1. Օրենքների նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովում ստեղծվում են մշտական հանձնաժողովներ:

2. Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ` առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Հոդված 85.

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-հունիս ամիսներին` Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

2. Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են քննարկման ենթակա հարցի լուծման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ:

3. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 86.

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Հոդված 87.

Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի երկու հինգերորդով:

Հոդված 88.

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի կողմից առարկություններով եւ առաջարկություններով նոր քննարկման վերադարձված օրենքը քննարկում է արտահերթ:

2. Հանրապետության Նախագահի առարկությունները եւ առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 89.

1. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից կամ իր կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

2. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` Կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում: Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքերում Կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

4. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը նույն օրը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

Հոդված 90.

1. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է Հանրապետության Նախագահին, պատգամավորներին եւ Կառավարությանը:

2. Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային Ժողովը քննարկում եւ քվեարկում է վաթսունօրյա ժամկետում:

4. Կառավարության եզրակացության համաձայն` պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով որոշում չի ընդունում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված: Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը նույն օրը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժականի մասին:

6. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

Հոդված 91.

1. Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչեւ բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

2. Պետական բյուջեի քննարկման եւ հաստատման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 92.

1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ:

2. Ազգային ժողովը վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում եւ հաստատում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

Հոդված 93.

1. Պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմելու Կառավարությանը: Վարչապետը եւ Կառավարության մյուս անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

2. Խմբակցությունները եւ խմբերը իրավունք ունեն հարցապնդումներով դիմել Կառավարությանը: Հարցապնդումները ներկայացվում են գրավոր` քննարկումից առնվազն տասն օր առաջ:Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 94.

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ`
1.1)Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տալիս վարչապետի թեկնածությանը.
1.2) հայտարարում է համաներում.
1.3) վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով.
1.4) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու որոշումը կայացնում է Հանրապետու թյան Նախագահը:
2. Ազգային ժողովը կարող է դադարեցնել զինված ուժերի օգտագործումը, ռազմական եւ արտակարգ դրությունը:

Հոդված 95.

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է `
1.1) Գերագույն դատարանի նախագահին եւ մյուս դատավորներին.
1.2) գլխավոր դատախազին.
1.3) վերահսկիչ պալատի նախագահին:
2. Ազգային ժողովը նշանակում է մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամներ:

Հոդված 96.

Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը, վարչատարածքային միավորների անվանումներն ու սահմանները:

Հոդված 97.

1. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել Կառավարությանը: Այդ իրավունքից Ազգային ժողովը չի կարող օգտվել Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալուց հետո վեց ամսվա ընթացքում, ինչպես նաեւ պատերազմի ժամանակ կամ Սահմանադրության 68-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:

2. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից: Որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում:

Հոդված 98.

1. Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

2. Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային Ժողովը, եթե.
2.1) հերթական նստաշրջանի վաթսուն օրվա ընթացքում Ազգային ժողովը որոշում չի կայացնում Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ,
2.2) հերթական նստաշրջանի վաթսուն օրվա ընթացքում Ազգային ժողովը իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում,
2.3) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը վաթսուն օրից ավելի չեն գումարվում: