ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 5. Կառավարությունը

Հոդված 99.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործադիր իշխանությունն իրականացնում է Կառավարությունը:

2. Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների£

3. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետից եւ նախարարներից:

4. Կառավարության կառուցվածքը Կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Կառավարության եւ նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

5. Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է վարչապետը:

Հոդված 100.

1. Վարչապետը նշանակվում եւ Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության Նախագահի կողմից` հետեւյալ կարգով.

1.1) Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի համաձայնությանն է ներկայացնում վարչապետի թեկնածությունը Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց կամ Կառավարության հրաժարականն ընդունելուց կամ Ազգային ժողովի արձակման` սույն հոդվածում նշված դեպքերում նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից հետո` տասնօրյա ժամկետում.

1.2) Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի կողմից ներկայացված վարչապետի թեկնածությունը քննարկում է հնգօրյա ժամկետում.

1.3) պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած վարչապետի թեկնածուին եռօրյա ժամկետում Հանրապետության Նախագահը նշանակում է վարչապետ: Վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահը քսանօրյա ժամկետում նշանակում է Կառավարության մյուս անդամներին: Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովը հավանություն է տալիս Կառավարության գործունեության ծրագրին:

1.4) սույն հոդվածի 1-ին մասի 1.3-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալու կամ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալու դեպքերում Հանրապետության Նախագահը յոթնօրյա ժամկետում երկրորդ անգամ է վարչապետի թեկնածություն ներկայացնում Ազգային ժողովի համաձայնությանը.

1.5) սույն հոդվածի 1-ին մասի 1.3-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածության առնչությամբ երկու անգամ համաձայնություն չտալու կամ Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալուց հետո Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալու կամ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալուց հետո ներկայացված վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալու դեպքերում Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում նշանակում է վարչապետ եւ կազմավորում Կառավարություն.

1.6)Հանրապետության Նախագահը չի կարող նշանակել վարչապետ այն անձին, ում թեկնածությունը երկու անգամ մերժվել է Ազգային ժողովի կողմից:

2. Ազգային ժողովի կողմից երկու անգամ անընդմեջ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալու կամ սույն հոդվածի 1-ին մասի 1.5-րդ կետին համապատասխան Հանրապետության Նախագահի կողմից կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանության չտալու դեպքերում Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ ընտրություն:

Հոդված 101.

1. Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը եւ համակարգում Կառավարության անդամների աշխատանքը:

2. Վարչապետն ընդունում է որոշումներ` Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:

3. Վարչապետի բացակայության կամ նրա կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետի լիազորություններն իրականացնում է փոխվարչապետը:

Հոդված 102.

Կառավարության անդամը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 103.

1. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը:

2. Կառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել Հանրապետության Նախագահը:

Հոդված 104.

1. Վարչակազմերի ղեկավարներն իրագործում են Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Վարչակազմերի ղեկավարները նշանակվում եւ ազատվում են Կառավարության որոշմամբ:

3. Ստեփանակերտ քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 105.

1. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբ Կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն` Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:
2. Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառավարությունը Ազգային ժողով բյուջեի նախագիծ է ներկայացնում իր գործունեության ծրագրին հավանություն տալուց հետո` տասն օրվա ընթացքում, որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:

Հոդված 106.

Նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները:

Հոդված 107.

Հանրապետության Նախագահի կողմից Կառավարության հրաժարականի ընդունումից կամ Կառավարության կողմից իր լիազորությունները վայր դնելուց հետո Կառավարության անդամները շարունակում են գործել մինչեւ նոր Կառավարության կազմավորումը: