ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 6. Դատարանները

Հոդված 108.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատական իշխանությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

2. Դատական իշխանությունն իրականացվում է սահմանադրական, քաղաքացիական, քրեական եւ օրենքով նախատեսված այլ դատավարության միջոցով:

3. Դատարաններն անկախ են:

Հոդված 109.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններից եւ Գերագույն դատարանից, ինչպես նաեւ օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից:

2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

3. Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

4.Դատարանների վերջնական ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

Հոդված 110.

1. Դատավորն անփոփոխելի է: Դատավորը պաշտոնավարում է մինչեւ 65 տարին լրանալը:

2. Դատավորի լիազորությունները դադարում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Հոդված 111.

Դատավորը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

Հոդված 112.

1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է:

2. Դատավորի գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով:

3. Դատավորը չի կարող ներգրավվել որպես մեղադրյալ, կալանավորվել, ինչպես նաեւ նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել առանց արդարադատության խորհրդի եզրակացության եւ Հանրապետության Նախագահի համաձայնության` Սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով£

4. Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո: Դատավորի ձերբակալման մասին անհապաղ տեղեկացվում են Հանրապետության Նախագահը եւ Գերագույն դատարանի նախագահը:

Հոդված 113.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է:

2. Գերագույն դատարանը բաղկացած է սահմանադրական եւ վճռաբեկ պալատներից:

3. Գերագույն դատարանն ապահովում է Սահմանադրության գերակայությունը եւ օրենքի միատեսակ կիրառումը:

4. Գերագույն դատարանի նախագահը եւ մյուս դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից` Հանրապետության Նախագահի առաջարկությամբ:

Հոդված 114.

1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Գերագույն դատարանը£ Գերագույն դատարանն օրենքով սահմանված կարգով`

1.1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.

1.2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը.

1.3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.

1.4) լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

1.5) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

1.6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

1.7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

1.8) եզրակացություն է տալիս Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին.

1.9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերով Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով Գերագույն դատարան կարող են դիմել`

2.1) Հանրապետության Նախագահը` 1.1, 1.2, 1.3, 1.8 եւ 1.9-րդ կետերում նշված հարցերով.

2.2) Ազգային ժողովը` 1.3, 1.6, 1.8 եւ 1.9-րդ կետերում նշված հարցերով.

2.3) Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը` 1.1 եւ 1.3-րդ կետերում նշված հարցերով.

2.4) Կառավարությունը` 1.1, 1.7 եւ 1.9-րդ կետերում նշված հարցերով.

2.5) տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց սահմանադրական իրավունքները խախտող` պետական մարմինների նորմատիվ ակտերի սահմանադրականության հարցով.

2. 6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկվում է այդ դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի դրույթների սահմանադրականությունը.

2.7) դատարանները եւ գլխավոր դատախազը` իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտի դրույթների սահմանադրականության հարցով©

2.8) մարդու իրավունքների պաշտպանը` 1.1-րդ կետում թվարկված նորմատիվ ակտերի` Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցով©

2.9) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության թեկնածուները` 1.4 եւ 1.5-րդ կետերում նշված հարցերով:

Գերագույն դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

3. Գերագույն դատարանը սույն հոդվածի 1-ին մասի 1.1-1.5-րդ եւ 1.9-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 1.6-1.8-րդ կետերում նշված հարցերով` եզրակացություններ£ Եզրակացությունները եւ 1.9-րդ կետում նշված հարցերով որոշումներն ընդունվում են սահմանադրական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ£ Որոշումները եւ եզրակացությունները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

4. Սահմանադրությանը հակասող ճանաչված` սույն հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետում նշված իրավական ակտերը կամ դրանց առանձին դրույթները կորցնում են իրավաբանական ուժը: Գերագույն դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա առանձին դրույթների իրավաբանական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:

5. Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

Հոդված 115.

1. Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ձեւավորվում եւ գործում է արդարադատության խորհուրդը:

2. Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված հինգ դատավորներ, Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբաններ:

3. Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Գերագույն դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի:

Հոդված 116.

Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով`

1. կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատավորների նշանակումները.

2. Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում դատավորների նշանակման վերաբերյալ.

3. դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.

4. Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Գերագույն դատարանի դատավորի առնչությամբ Հանրապետության Նախագահին եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա.

5. Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ: Գերագույն դատարանի դատավորի առնչությամբ Հանրապետության Նախագահին եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա: