ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 7. Դատախազությունը

Հոդված 117.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

3. Գլխավոր դատախազը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Գլխավոր դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

4. Օրենքով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

Հոդված 118

1. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով `

1.1) հարուցում եւ իրականացնում է քրեական հետապնդում.

1.2)հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ.

1.3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

1.4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարանում.

1.5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.

1.6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

2. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա: