ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 8. Մարդու իրավունքների պաշտպանը

Հոդված 119.

1. Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու եւ քաղաքացու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

2. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 120.

1. Մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել մարդու իրավունքների պաշտպան:

2. Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

3. Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

4. Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ: Նրա գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: