ԼՂՀ սահմանադրություն

Գլուխ 9. Վերահսկիչ պալատը

Հոդված 121.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի, պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ:

2. Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը:

3. Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության հաշվետվությունը:

4. Վերահսկիչ պալատի կառուցվածքը եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 122.

1. Վերահսկիչ պալատի նախագահին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:

2. Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

3. Օրենքով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել վերահսկիչ պալատի նախագահին: