Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելության կարգ

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմում (այսուհետ՝ Աշխատակազմ) քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման գործընթացը:

2. Աշխատակազմում քաղաքացիների ընդունելությունների կազմակերպումն իրականացնում են Աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` քարտուղարություն) և Աշխատակազմի ղեկավարի ռեֆերենտը (այսուհետ`ռեֆերենտ):

3. Աշխատակազմում քաղաքացիների ընդունելությունների հերթագրումն իրականացվում է ռեֆերենտի կողմից, քաղաքացու` քարտուղարությունում մուտքագրված գրավոր դիմումի հիման վրա, որի մեջ պարտադիր կարգով նշվում է դիմումատուի փոստային հասցեն և հեռախոսահամարը` նրա հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով, և բանավոր դիմումի հիման վրա, որը ռեֆերենտի կողմից արձանագրվում է քաղաքացիների անհատական ընդունելության մատյանում:

4. Աշխատակազմում ընդունելություններին հերթագրվելու համար քաղաքացիները կարող են դիմում ուղարկել նաև gov.nkr.am կայքի միջոցով, որն ընթացքավորվում է սույն կարգի 4-րդ կետում նշված կարգով:

5. Աշխատակազմում քաղաքացիների ընդունելություններն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը բացի երկուշաբթիից ամեն օր ժամը 14.00-ից 18.00-ն:

6.Աշխատակազմում ընդունելությունների հերթագրմանը կրկին անգամ, որպես կանոն, կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր նախկինում գրավոր դիմել են Աշխատակազմի կանոնադրական խնդիրների շրջանակներում լուծում պահանջող հարցերով, ստացել են գրավոր պատասխան, որը, սակայն, նրանց չի բավարարել:

7. Աշխատակազմի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությանը, Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Աշխատակազմի ղեկավարի տեղակալները, Աշխատակազմի այլ պաշտոնատար անձինք:

8.Աշխատակազմի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելություններն իրականացվում են յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը` ժամը 11:00-ին:

Ընդունելության օրը ոչ աշխատանքային օրվա հետ համընկնելու կամ Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ աշխատանքային օր, ինչի մասին ծանուցվում է ընդունելությանը հերթագրված քաղաքացիներին։

9. Քաղաքացիների ընդունելությունների մասին դիմումները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում: Գրանցման պայմանանիշը ձևավորվում է քաղաքացու նախկին դիմումների և բողոքների համարից` գծիկով ավելացվելով «Ը» տառը:

10. Գրանցված դիմումին կցվում են տվյալ քաղաքացու կողմից նախկինում ներկայացված դիմումների գործերը և փոխանցվում ռեֆերենտին:

11. Դիմումի ստացման օրը քաղաքացու տվյալները ռեֆերենտը գրանցում է ընդունելության հերթացուցակում և քաղաքացուն հեռախոսով կամ փոստով հայտնում է ընդունելության օրվա և ժամի մասին։

12. Ընդունելության օրվանից երկու աշխատանքային օր առաջ դադարեցվում է դիմումների ընդունումը:

13. Դիմումները Աշխատակազմի ղեկավարի մակագրությունից հետո հանձնվում են Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Մակագրված դիմումի հիման վրա Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարն ուսումնասիրում է դիմումում բարձրացված հարցերը և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում հարցերի լուծման վերաբերյալ առաջարկություններ:

14. Քննարկված առաջարկությունները և հնարավոր լուծումները Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ներկայացվում են ընդունելության ժամանակ։

15. Քաղաքացիների ընդունելությունների արդյունքներն արձանագրվում և պահվում են Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում:

16. Յուրաքանչյուր պաշտոնատար անձ, ում հասցեագրված է եղել դիմումը, պարտավոր է ապահովել դիմումի` օբյեկտիվ, ժամանակին ու համակողմանի ուսումնասիրությունը և քննարկումը, դրա առթիվ հիմնավորված որոշումների ընդունումն ու փաստացի կատարումը:

17. Գրավոր դիմումների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն:

Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր:

18. Եթե քաղաքացու կողմից ներկայացված առաջարկության, դիմումի կամ բողոքի վերաբերյալ նախկինում տրվել է ըստ էության պատասխան, ապա ընդունելության ժամանակ կարող է մերժվել նույն հարցով քաղաքացու դիմումի հետագա քննարկումը:

19. Յուրաքանչյուր դիմումատու կարող է վերադասության կամ դատական կարգով բողոքարկել դիմումի քննարկման արդյունքում ընդունված որոշումը կամ կատարված գործողությունը (անգործությունը):