Պետական նախարար

Հարցազրույցներ

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի պատասխանները «Նոր Յառաջ» թերթի հարցերին

10.04.2013

(Փոխանցել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչություն)

1.Այցիս գլխավոր նպատակն էր` մեկ անգամ ևս հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ, ներկայացնել նրանց արցախյան մեր խնդիրներն ու սպասելիքները: Բնականաբար, նաև հետամուտ եղանք, թե ինչպես են ապրում մեր հայրենակիցները Սփյուռքում և նոր ինչ ձևերով պետք է խորացնել երկկողմ կապերը: Միանգամից պիտի ասեմ, որ գրեթե բոլոր հանդիպումները, որ ունեցանք մարտի վերջին տասնօրյակում, հետաքրքիր ու արդյունավետ էին, հեռանկարներ խոստացող: Մեր զրուցակիցների համար ընկալելի եղավ այն, որ Արցախը գրավիչ է տնտեսական գործունեության համար և արտերկրի մեր կարող հայրենակիցները հակված պետք է լինեն մեր հանրապետությունում ներդրումային ակտիվ գործունեություն ծավալել` ի շահ ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարվոքացման և միջազգային հեղինակության բարձրացման: Հայրենասիրությունն ու գործարարությունը պետք է ձեռք-ձեռքի տան Արցախում` ահա այն գլխավոր գաղափարը, որ մենք շահագրգռորեն արծարծեցինք Փարիզում և այլուր: Կարծում եմ` այդ հանդիպումներից սպասվող արդյունքները կերևան մոտ ապագայում:

2.Հայանպաստ քարոզչության ասպարեզում ֆրանսահայությունը մեծ դերակատարություն ունի ամբողջ Սփյուռքի մասշտաբով: Ժամանակը շարունակ նորանոր մարտահրավերներ է նետում մեր ժողովրդի դեմ, հարկ է զգոն լինել և դիմակայել դրանք: Շատ կարևոր եմ համարում, որ ֆրանսահայ համայնքը ակտիվորեն համագործակցի Արցախի հետ նաև տեղեկատվության մարզում. օպերատիվ և կանոնավոր լրատվություն ստանա այստեղից, մեզ փոխանցի ֆրանսիական իրականության նորությունները: Այս ուղղությամբ որոշակի անելիքների կարիք կա:

3.Արցախցիներիս հիմնական սպասումն է, որ Սփյուռքի մեր հայրենակիցները որևէ կերպ ներկայություն ապահովի մեր երկրում, որ նրանցից յուրաքանչյուրը իր ներդրումն ունենա Արցախի հզորացման և մեր համազգային իղձերի իրականացման գործում: Ես լավատեսորեն եմ տրամադրված, համոզված եմ, որ մեկտեղված քայլերով մենք ամրապնդելու ենք մեր հայրենիքը:

← Վերադառնալ ցուցակին