Պետական նախարար

Հարցազրույցներ

Արցախի կառավարությունում անվանափոխություններ չեն կատարվել, այլ թարմացվել, երիտասարդացվել է նախարարների կազմը. Արայիկ Հարությունյան

17.09.2017

Պետնախարարը վարչապետը չէ: Tert.am-ի հարցին ի պատասխան հավաստիացրեց Արցախի կառավարության պետական նախարար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ Արցախում ձևավորված նոր կառավարությունը բավական երիտասարդ է, և ինքը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ պաշտոններ ստեղծվեցին վերանշանակումների համար:

Հարցին՝ արդյոք Արցախի նորանշանակ քաղաքական էլիտայի պատկերը չի՞ վկայում այն մասին, որ նախկինում Սահմանադրությունը փոխվեց հենց իշխանության վերարտադրության համար, եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ բոլորը նշանակվեցին կամ վերանշանակվեցին իրենց պաշտոններում կամ անվանափոխված պաշտոններում, ապա Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը այդ տեսակետի հետ համաձայն չէ:

«Սահմանադրության քարոզչության ժամանակ գլխավորելով քարոզչական շտաբը, կազմակերպելով այդ աշխատանքները՝ բազմաթիվ հանդիպումներ եմ անցկացրել, հիմնավորումներ եմ ներկայացրել, որ Սահմանադրության փոփոխությունը վերարտադրության համար չէ, անհրաժեշտություն է, որը ելնում է մի շարք բաղադրիչներից:

Պետնախարարը վարչապետը չէ: Պետնախարարի լիազորությունների շրջանակներում կոորդինացում է ոլորտ: Ես կոորդինացնում եմ տնտեսական ոլորտը, բայց կարող է նախագահի որոշմամբ վաղը լինել պետական մեկ այլ նախարար և կոորդինացնել մեկ այլ ոլորտ: Նախորդ Սահմանադրությամբ վարչապետն էր պատասխանատու կառավարության գործունեության համար: Նախագահն առաջարկում է, ԱԺ-ն ընդունում է, նախագահը հաստատում է: Այս Սահմանադրության նախագահին անվստահություն հայտնելու մեխանիզմ կա, իսկ նախորդ Սահմանադրությամբ չկար, ինչպե՞ս կարելի է սահմանադրությունները համեմատել»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Պետական նախարարն ասաց, որ կառավարությունում բավական փոփոխություններ են կատարվել, տեղափոխություններ են եղել, անվանափոխություններ չեն կատարվել: «Թարմացվել, երիտասարդվել է նախարարների կազմը: Շարունակվելու է վարչակազմի ղեկավարների փոփոխությունը, ոչ ամբողջությամբ, բայց հաստատ այլ փոփոխություններ կլինեն»,- նշեց նա:

Արցախի նորաստեղծ պետական նախարար Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ տրամադրությունը հիմա ավելի բարձր է, քան՝ վարչապետությունը ստանձնելու ժամանակ, որովհետև պատասխանատվությունը քիչ է:

«Մենք մեր ամբողջ թիմով միայն ի պաշտոնե չենք աշխատել: Մեր հարաբերություններն ավելին են ու այս առումով ոչ մի բան չի փոխվել: Երևի տարիքն է ստիպում քիչ ժպտալ, բայց կաշխատեմ ավելի շատ ժպտալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ ո՞րն է լինելու նոր պաշտոնում իր առաջնահերթությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ փորձելու են հնարավորություններ ստեղծել տնտեսության զարգացման համար:

Պետական նախարարն ասաց, որ աշխարհում տնտեսական մրցակցություն է, եթե երկրի տնտեսական աճը զիջում է հարևան կամ գործընկեր պետություններ տնտեսական աճին, առաջանում է խնդիր՝ արտահոսք: Դրա համար տնտեսական աճը, նրա խոսքով, պետք է կայուն լինի, աշխատատեղ լինի, բայց Արցախի հնարավորությունները մեծ չեն. «Բոլորը չեն պատրաստ Արցախում ներդրում կատարել, մեր հայրենակիցները պատրաստ են բարեգործության, բայց ոչ երկարաժամկետ ներդրումների, օտարերկրյա քաղաքացիները Արցախ այցելելիս խնդիրներ են ունենում, բայց այս ամենով հանդերձ պետք է ներդրումներ ապահովես: Ավելի ծանր ու տաժանակիր աշխատանք է պահանջվում բոլորիցս, որ կարողանանք այդքան տնտեսական աճ ապահովել»:

Նախկին վարչապետն ասաց, որ անուններ հրապարակել չի կարող, բայց կան օտարերկրյա ներդրողներ, ովքեր արդեն աշխատում են Ղարաբաղում. «Զուսպ լինենք, ապահովագրենք մեր ներդրողներին՝ քաղաքական հետապնդումներից, դրա համար անուններ չտանք, բայց այո, ունենք օտարերկրյա ներդրողներ, ովքեր աշխատանք են տանում»:

Խոսելով այն մասին, որ Արցախի գերատեսչությունները թանկարժեք ծառայողական մեքենաներ են ձեռքբերում, Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարները հանդիպումներն ուշ են վերջացնում և վաղ առավոտյան են սկսում, ուստի մեքենան անհրաժեշտ է: Բացի այդ, պետական նախարարի խոսքով, նախարարները շրջաններ են այցելում:

«Բոլորին եմ կոչ անում՝ ինչքան հնարավոր է քայլել: Այսօր ճարպակալումն ավելի մեծ վտանգ է, քան՝ ծխախոտը: Դրա համար խորհուրդ է տրվում շատ քայլել: Առողջ ապրելակերպի համար պետք է շատ ջուր խմել, շատ քայլել, քիչ ուտել»,- կատակեց Արայիկ Հարությունյանը:

Ըստ նախարարի՝ Արցախում չկա այնպիսի պաշտոնյա, որը շրջաններ չի այցելում: Նա նշեց, որ երբեմն այցելություններում ընդգրկված են լինում մի քանի պաշտոնյաներ և հատկացվում է մեկ մեքենա:

«Բայց պետական կառավարման պրակտիկան, պահանջն այն է, որ եթե մեկին ապահովում ես մի որակի, մնացածին էլ ապահովես: Ամեն դեպքում շքեղությունը մեզ համար անթույլատրելի է»,- նշեց նա: 

← Վերադառնալ ցուցակին