Պետական նախարար

Հարցազրույցներ

Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Հիմնադրամի գործունեությունը. Արայիկ Հարությունյան

24.11.2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող ամենամյա Հեռուստամարաթոնին ելույթ է ունեցել աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
ԱՀ պետնախարարը նշել է, որ իրականացված ծրագրերին ծանոթանալու համար առաջին հերթին պետք է Արցախ այցելել, որտեղ ամեն քայլափոխի տեսանելի են կատարված աշխատանքները: «Հիմնադրամի շնորհիվ կառուցվել են տասնյակ դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, մշակութային օջախներ: Ցանկացած համայնք մտնելով՝ կարելի է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը Արցախի կյանքին»,- նշել է Ա. Հարությունյանը և ընդգծել, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Հիմնադրամի գործունեությունը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ Հեռուստամարաթոնի այս տարվա հանգանակած գումարով Արցախի տնտեսությունն ակտիվ զարգացման փուլ է մտնելու՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչն էլ կխթանի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը: «Ձուկ տալու փոխարեն՝ կարթ տուր և ձկնորսություն սովորեցրու» առածի փիլիսոփայությամբ, ըստ Ա. Հարությունյանի, Արցախում բնակչության գործունեության համար ստեղծվում են ավելի նպաստավոր պայմաններ և «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող այս տարվա դրամահավաքի նպատակը այդ գաղափարին օժանդակելն է:

Իսկ թե ինչու սկսել ջրից և գյուղատնտեսությունից, ԱՀ պետնախարարը պատասխանել է, որ դա ամենակարևոր ուղղությունն է՝ գյուղաբնակ մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու խնդիրը լուծելու համար: «Բացի դրանից, գյուղատնտեսական արտադրանքը վերամշակման անհրաժեշտություն ունի, որն էլ կստեղծի լրացուցիչ նոր աշխատատեղեր և տնտեսական ավելի մեծ ակտիվություն կապահովի»,- ընդհանրացրել է Ա. Հարությունյանը: 

← Վերադառնալ ցուցակին