Պետական նախարար

Հարցազրույցներ

Արցախում նոր օրակարգ է սահմանվել իշխանության համար, նախատեսում ենք գործարար միջավայրի և հարկային դաշտի բարեփոխումներ. ԱՀ նորանշանակ պետնախարարի հարցազրույցը Tert.am-ին

18.06.2018

Արցախում նոր օրակարգ է սահմանվել իշխանության համար, նախատեսում ենք գործարար միջավայրի և հարկային դաշտի բարեփոխումներ. ԱՀ նորանշանակ պետնախարար

Արցախում ստեղծված իրավիճակը նոր օրակարգ է սահմանել իշխանության համար. Արցախի պետական նախարարի պաշտոնում Tert.am-ին տված առաջին հարցազրույցում ասաց Գրիգորի Մարտիրոսյանը: «Մեր թիմը պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել՝ հիմքում ունենալով Հանրապետության Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի հիմնական դրույթները»,-ասաց նա և նշեց, որ կվերագնահատեն կառավարության գործող ծրագրերը և, ըստ արդյունավետության, նոր ռազմավարություն կմշակեն: «Մասնավորապես՝ մոտ ապագայում բարեփոխումներ ենք նախատեսում հարկային ոլորտում, որոնք ուղղված կլինեն հանրապետությունում մակրոտնտեսական և միկրոտնտեսական կայունությանը և էլ ավելի կբարելավեն գործարար միջավայրը»,-ասաց նա և հայտարարեց, որ ներդրումային դաշտը բաց է յուրաքանչյուր ներդրողի համար, և այս ուղղությամբ պատրաստ են քննարկելու բոլոր առաջարկները:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ստեղծված քաղաքական իրավիճակում Արցախի պետական նախարարի պաշտոնը ստանձնելով` բավական մեծ պատասխանատվություն է դրվել Ձեր ուսերին: Այս բարեփոխումների շրջանակներում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը, առաջնահերթություններ Ձեզ համար սահմանե՞լ եք:

- Նախ կցանկանայի անդրադառնալ Արցախում ստեղծված իրավիճակին, որը նոր օրակարգ է սահմանել իշխանության համար: Կարծում եմ՝ այն առաջնահերթությունները, որոնք կսահմանվեն մեր կողմից, պետք է առաջին հերթին բխեն այդ օրակարգից, և այս առումով մեր թիմը պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել՝ հիմքում ունենալով Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթները: Իհարկե, այս ընթացքում մենք կվերագնահատենք կառավարության գործող ծրագրերը և, ըստ արդյունավետության, նոր ռազմավարություն կմշակենք: Մասնավորապես՝ մոտ ապագայում բարեփոխումներ ենք նախատեսում հարկային ոլորտում, որոնք ուղղված կլինեն հանրապետությունում մակրոտնտեսական և միկրոտնտեսական կայունությանը և էլ ավելի կբարելավեն գործարար միջավայրը: Մենք շարունակելու ենք մեր ակտիվ համագործակցությունը Արցախում տնտեսական տարբեր նախագծեր իրականացնող ներդրողների հետ՝ պահպանելով նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ցանկանում եմ նաև շեշտել, որ ներդրումային դաշտը բաց է յուրաքանչյուր ներդրողի համար, և այս ուղղությամբ պատրաստ ենք քննարկելու բոլոր առաջարկները:

- Արդեն իսկ հասցրե՞լ եք հետևել, հասարակության արձագանքն ինչպիսի՞ն էր Ձեր նշանակմանը՝ հաշվի առնելով, որ բողոքի ցույցի օրերին հանրության պահանջների մեջ չէր մտնում պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

- Կարծիքի ձևավորման մասին դեռևս վաղ է խոսելը: Որոշ ժամանակ անց այն պարզ կլինի՝ իմ կատարած աշխատանքի հիման վրա, ինչը պարտավորեցնող է: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արայիկ Հարությունյանին անցած ավելի քան մեկ տասնամյակում կատարած արդյունավետ աշխատանքի համար:

- Չնայած ընդհանուր առմամբ Արցախում տնտեսական աճը բավական տպավորիչ է՝ երկնիշ թվով, բայց քիչ չեն նաև սոցիալական խնդիրներից դժգոհությունները: Իշխանության իսկ նախաձեռնությամբ բավական մեծ թվով դիմումներ են ուղղվել կառավարությանը այս օրերին: Հասցրե՞լ եք ծանոթանալ՝ հիմնականում ի՞նչ բնույթի դիմումներ են, և ի՞նչ լուծումներ են պահանջվում:

- Քաղաքացիների դիմումների ընդունումը դեռևս շարունակվում է: Դրանք համապատասխան նախարարությունների կողմից կուսումնասիրվեն, և համապատասխան եզրակացություններից հետո ընթացք կտրվի: Այս առումով մենք հետևողական ենք լինելու, որ բարձրացված բոլոր խնդիրները հնարավորության սահմաններում հասցեական ու համարժեք լուծումներ ստանան:

- Հայաստանում նոր իշխանությունն իր առաջնահերթություններից է համարել կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար կանոնների, ազատ մրցակցության պայմանների ապահովումը: Արցախում նշյալ խնդիրները որքանո՞վ են սուր և ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:

- Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը միշտ գտնվել է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք պարտավոր ենք ավելի խիստ գտնվել՝ գիտակցելով, որ պետական կառավարման օղակներում կոռուպցիայի գոյությունը տնտեսության զարգացման համար ամենաուժեղ արգելակն է: Այս տեսանկյունից ցանկանում եմ հավատացնել մեր հասարակությանը, որ ունենք բավարար կամք արդյունավետ պայքար մղելու: Առաջիկայում իրականացվելիք բարեփոխումներն ուղղված են լինելու պետական ծրագրերին մասնակցելու համար մեր հանրապետության բոլոր քաղաքացիների համար թափանցիկ, մատչելի և հավասար հնարավորություններ ստեղծելուն:

- Վերջերս ծավալված բողոքի ակցիաները թեև գնահատվում են որպես առողջ գործընթաց, այդուհանդերձ, հաշվի առնելով Արցախի՝ պատերազմական իրավիճակում գտնվելու առանձնահատկությունները, ի՞նչ վտանգներ եք տեսնում: Նման գործընթացներն ըստ Ձեզ ուժեղացնո՞ւմ են երկիրը, թե՞ թուլացնում:

- Ես բաց հասարակության, խոսքի ազատության և հանրության մեջ առկա անարդարությունների մասին բարձրաձայնելու կողմնակից եմ: Մենք պետք է հարգենք մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, և օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: Ցանկացած հարց, անկախ այն հանգամանքից՝ անհատի կողմից է բարձրացվում, թե հանրային խմբի, պետք է լսելի լինի իշխանության համար: Այս պարագայում, անկախ մեր հանրապետության ունեցած կարգավիճակից, դրությունից, Արցախն ավելի ուժեղ է լինելու: Ինչ վերաբերում է պատերազմական դրությանը, դա, կարծում եմ, պետք է թե ՛ իշխանության, թե ՛ ժողովրդի համար զսպող գործոն լինի այնքանով, որ բոլոր խնդիրները կարգավորվեն երկխոսության, ողջախոհության և օրինականության սահմաններում, հակառակ դեպքում վտանգները մեծ են լինելու:

- Պետական նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հրաժարականը հայտարարել էր, որ Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը: Նրա հեռանալուց հետո գործընթացը հնարավո՞ր է՝ կասեցվի, թե՞ դուք կշարունակեք ավարտին հասցնել պայմանավորվածությունները:

- Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն արդեն հաստատել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից նոր՝ ոչ պլանային սակագների իջեցումը, որոնք գործելու են սեպտեմբերի 1-ից: Օպերատորի կողմից ունենք հավաստիացում ոլորտում ավելի քան 10 մլն եվրոյի նոր սարքավորումների ներմուծման վերաբերյալ, որն էական ազդեցություն պիտի թողնի մատուցվող ծառայությունների որակի բարելավման վրա: Տեղյակ եք նաև, որ Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնելու առաջարկներով պաշտոնական նամակներով հրավիրվել են ՀՀ-ում գործունեություն իրականացնող երեք օպերատորները: Այսինքն՝ գործընթաց է սկսված, որը որակապես պետք է փոխի մատուցվող ծառայությունների որակը և ավելի մատչելի դարձնի գործող սակագները: Բնականաբար, որպես պետնախարար՝ ես և իմ թիմը շահագրգռված ենք այն առաջ տանելու:

 

← Վերադառնալ ցուցակին