Պետական նախարար

Հարցազրույցներ

Արցախի պետնախարար. «Մարդիկ այսօր բաց խոսելու ձգտում ունեն». Մեդիամաքս

22.06.2018

Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո այդ պաշտոնում նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նորանշանակ պաշտոնյան խոստովանում է` իրեն քիչ են ճանաչում, ապա բացատրում, որ դա պայմանավորված է քաղաքականությամբ չզբաղվելով։ Մեդիամաքսը հանդիպել է Արցախի նորանշանակ պետնախարարի հետ եւ ոչ պաշտոնական զրույց ունեցել նրա հետ։

Մանկությունն եւ ռմբակոծությամբ ընդհատված Նոր տարին

Գրիգորի Մարտիրոսյանը ծնվել եւ մեծացել է Արցախում։ Ասում է` անհոգ մանկություն ուներ, որն ընդհատվեց պատերազմով։ «Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, 10 տարեկան էի։ Մենք, իհարկե, չէինք պատկերացնում շարժման ամբողջ լրջությունը, սակայն շատ ոգեւորված էինք։ Ինչ-որ դպրոցից սկսվեց պիոներների ըմբոստությունը, հանում, պատռում էին փոխկապները, մենք էլ միացանք նրանց։ Որպես երեխա` ուզում էինք շարժման մաս զգալ մեզ։ Խորհրդային արժեքներից զատ սկսեցինք ծանոթանալ հայ ազգային արժեքներին, մեր հերոսներին։ Այն ժամանակ փորձում էին Արցախն ամեն կերպ կտրել հայկական, հայրենասիրական արժեքներից, մեզ մոտ նույնիսկ հայկական հեռուստաալիք չէր ցուցադրվում, ունեինք միայն կենտրոնական հեռուստատեսություն՝ Մոսկվա եւ Բաքու», - հիշում է Մարտիրոսյանը։

Պատերազմի տարիներին նա դեռահաս էր, հիմա ամենամեծ երազանքն է, որ այլեւս պատերազմ չլինի: «Սրանք զուտ խոսքեր չեն։ Ես տեսել եմ պատերազմը, ապաստարաններն ու ծանր ապրուստը։ Չէի ցանկանա` իմ երեխաներն էլ իմանան` ինչ է պատերազմը։ Երբ գնում էինք ապաստարաններ, հայրս, բնականաբար, չէր գալիս։ Պայթյունների ձայներից մայրս շատ էր հուզվում։ Ինձ վրա շատ էր ազդում, երբ մայրս կամ փոքր քույրս հուզվում էին, վախենում»։

Պետնախարարն ասում է` այդ տարիներին ամենաշատը տոների պակաս էր զգում։ Հիշում է, թե ինչպես 1992–ի Ամանորի նախապատրաստությունն ու տոնի սպասումը կեսգիշերից րոպեներ առաջ խաթարվեց ռմբակոծությամբ, ու բոլորը շտապեցին ապաստարաններ։ Շատ էր տխրել, որ զրկվել են տոնից, հիմա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր երեք երեխաները տոների պակաս չունենան։ Հատկապես` Ամանորին։

Գրիգորի Մարտիրոսյանի հայրը ռուսերենի դասախոս է։ Պատերազմի տարիներին զինվորական է եղել`ուսումնադաստիարակչական գծով հրամանատարի տեղակալ։ Թեեւ առաջնագիծ չի գնացել, ընտանիքից հեռու էր։ Պետնախարարի ամենահուզիչ հիշողությունը պատերազմից մի քանի ամսվա ընդմիջումից հետո հոր հետ հանդիպման հետ է կապված։

«Ռմբակոծության առաջին ամիսներին Արցախում էինք, հետո հայրս մեզ ուղարկեց Երեւան, ինքը մնաց Արցախում։ 4-5 ամիս էր` Երեւանում էինք, իմ ամենամեծ ցանկությունն ու երազանքն էր վերադառնալը։ Երբ Շուշին ազատագրվեց, ասացի` պետք է գնամ Արցախ։ Մինչեւ հիմա հիշում եմ մի քանի ամսվա ընդմիջումից հետո հորս հետ հանդիպումն ու իմ զգացողությունները, - ասում է նա ու հավելում, որ ավելի ուշ ընտանիքով են վերադարձել Արցախ։ – Պատերազմից հետո սկսեց վերականգնվել կյանքը, հետպատերազմական տարիները բարդ էին, բայց նյութական զրկանքների վրա կանգ առնել չեմ ուզում»։
Պատերազմի տարիներին պետնախարարն ընտանիքի անդամ չի կորցրել, սակայն ընդգծում է` Արցախում չկա մի ընտանիք, որն այդ տարիներին կորուստ չի ունեցել։ Ինքն այդ ցավը զգացել է` տեսնելով ծնողների ցավը որեւէ բարեկամի կորստի համար։

Չծառայելով բանակում...

Զինվորական պարտադիր ծառայություն պետնախարարը չի անցել։ Պատերազմի տարիներին ապագա պաշտոնյայի ու ընկերների խաղալիքները դարձել էին զենքերը։ Պատերազմի սահմանին գտնվող Արցախում մինչ օրս էլ երեխաների զգալի մասն ասում է, որ զինվորական է դառնալու։ Զինծառայող դառնալու մասին նա երբեք չի երազել, թեեւ ասում է` զինվորական կյանքն իրեն հետաքրքրել է. «Երեխաներին հետաքրքրում է զինվորական կյանքը՝ իր ռոմանտիկայով եւ ամեն ինչով։ Մանկուց սեր էր ձեւավորվում զենքի, զինվորական հագուստի նկատմամբ»։

Հավատացնում է, որ երբեք հատուկ քայլ չի ձեռնարկել ծառայությունից անհիմն խուսափելու համար։

«Ինձ ծանուցագիր էր եկել, որ պետք է զորակոչվեմ բանակ։ Հոգեպես պատրաստ էի ծառայելու։ Մտածում էի` լավ փուլ կլինի բնավորությանս ձեւավորման համար։ Տանը բանակի քեֆ արեցինք, հետո հայրիկիս հետ գնացինք զինկոմիսարիատ՝ փաստաթղթեր հանձնելու։ Տեղում իմացանք, որ տնտեսագիտական, իրավաբանական եւ բժշկական ֆակուլտետների ուսանողների զինվորական ծառայությունը հետաձգվում է։ Հետո այդ որոշումը սկսեց տարածվել գերազանցիկների վրա, իսկ ես գերազանց էի սովորում։ Խիղճս հանգիստ է, քանի որ արհեստականորեն չեմ խուսափել ծառայությունից։ Չեմ հպարտանում, որ հետագայում ԵՊՀ-ում թեկնածուական եմ պաշտպանել եւ չեմ ծառայել, սակայն այդպես է դասավորվել»,– ասում է նա։

Մեր դիտարկմանը, որ հատկապես Արցախում շատերի համար ծառայությունը կամավոր բնույթ է կրում, նա արձագանքում է, որ այդ ժամանակ մտածել է ուսումը շարունակելու մասին։ Պետնախարարի խոսքով` հայրենակիցների կողմից մեղադրական վերաբերմունք չի զգացել։

Ընտանիքն ու 3 դուստրերը

Պետնախարարը 3 դուստր ունի` զույգ աղջիկները 12 տարեկան են, կրտսերը՝ 5։ Ինչպես հայ տղամարդկանց զգալի մասը, երազում է որդի ունենալու մասին։ Ասում է` պաշտոնի ստանձնումից հետո ընտանիքը շատ է տուժում։ Միասին ժամանակ անցկացնել գրեթե չեն հասցնում։

«Պետական նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո դեռ չեմ հասցրել ժամանակս կարգավորել։ Լինում են օրեր, երբ առավոտյան տանից դուրս եմ գալիս, երեխաներս դեռ քնած են, երեկոյան գնում եմ տուն՝ արդեն քնած են։ Ես բացառիկ չեմ, շատ պաշտոնյաներ ունենք, որոնք այսպիսի կյանքով են ապրում։ Հուսով եմ՝ մի քանի ամսից կկարողանամ այնպես կարգավորել գրաֆիկս, որ ժամանակ ունենամ ընտանիքիս համար»,– ասում է նա։
Գրիգորի Մարտիրոսյանը պատմում է, որ ժամանակին շատ է կարդացել եւ ցանկանում է, որ դուստրերը եւս ընթերցասեր լինեն։ Դաստիարակության հարցում հայրը կարեւորում է սեփական կարծիքն ունենալը, անվախ եւ ընկերասեր լինելը, արժեքները պահպանելը։

Դասախոսի եւ ուսուցչուհու ընտանիքում մեծացած պետնախարարը ռուսական դպրոց է հաճախել։ Ասում է` աղջիկներին սկզբունքորեն ուղարկել է հայկական դպրոց։ Հիմա նրանք հավասարապես տիրապետում են հայերենին եւ ռուսերենին, երբեմն էլ օգնում են հայրիկին, երբ չի մտաբերում ինչ-որ բառի հայերեն համարժեքը։

Պաշտոնյայի հանրային կյանքը

Արցախում պաշտոնյաներն առավել հասանելի են հասարակության համար։ Ստեփանակերտը փոքր է, փողոցում կարելի է հանդիպել մարդու իրավունքների պաշտպանին, հաջորդ քայլափոխին` պետնախարարին, մի քանի քայլ այն կողմ՝ մեկ այլ պաշտոնյայի։ Պետնախարարն ասում է` հանրության մեջ լինելը շատ է օգնում։

«Նախ՝ ես ինձ չեմ տարանջատում հանրությունից։ Փոխնախարարի, նախարարի, թե պետնախարարի պաշտոնում իմ ապրելակերպում փոփոխություններ չեն եղել։ Ես հանրության անդամ եմ, կարող եմ երեխայիս հետ զբոսնել քաղաքում, լինել սրճարանում։ Եթե չկարողանամ հանրության մեջ շրջելով ապրել, վախենամ կամ չցանկանամ շփվել մարդկանց հետ, կնշանակի՝ իմ որոշումներն են սխալ»,– ասում է նա, ապա հավելում, որ հանրության հետ կապը փորձում են պահել նաեւ սոցցանցերի միջոցով։

«Հասարակությունն ինձ շատ չէր ճանաչում, քանի որ քաղաքականությունից շատ հեռու էի։ Հանրության վերաբերմունքն իմ նկատմամբ կարող եմ ապահովել իմ աշխատանքով։ Հասկանում եմ, որ մարդկանց հուսախաբ անել չի կարելի։ Նշանակմանս օրը բացեցի պաշտոնական էջ, որը վարում ենք ես եւ թիմիս անդամները։ Պայմանավորվել ենք, որ բարեմաղթանքները կարող են ավելի ուշ փոխանցել ինձ, սակայն խնդիրներին պետք է արագ ծանոթանամ»։

Պաշտոնն ու մարդը

Այն, որ պաշտոնը փոխում է մարդուն, պետնախարարը միանշանակ բացասական չի գնահատում։ «Պաշտոնը, հավանաբար, փոխում է մարդուն, որովհետեւ որոշումներ կայացնելու պատասխանատվության զգացումն իր ազդեցությունն ունենում է։ Դա միանշանակ բացասական որակել չեմ ուզում»,- ասում է Մարտիրոսյանը։
Բացասական հետեւանքներից խուսափելու համար ունի իր բանաձեւը. «Որպեսզի չփոխվես, ժամանակ առ ժամանակ պետք է փորձես քեզ նայել կողքից, հիշել, թե ինքդ ինչպես էիր որակում այս կամ այն որոշում կայացնելու գործընթացը, երբ չէիր պաշտոնավարում»։

Գրիգորի Մարտիրոսյանը քաղաքական իրադարձություների արդյունքում նշանակվեց բարձր պաշտոնի։ Նրանից ակնկալիքները մեծ են, քանի որ Արցախում մարդիկ փոփոխություններ են ակնկալում։ Առաջնահերթությունների մի քանի ուղղություն ունի` պետական մարմինների հաշվետվողականությունն ու աշխատանքի թափանցիկությունը բարձրացնելը, անհատական որոշումներից հնարավորինս հրաժարվելը, բյուջետային գործընթացի կազմակերպումը, հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի ընդունումը։

Թեեւ կոռուպցիոն ռիսկերն ու անհատների գերակա դիրքը հաղթահարված չեն նաեւ Արցախում, պետնախարարն ասում է` հանրության տարբեր անդամների համար պետք է լինեն հավասար պայմաններ։

Քննադատելու եւ քննադատվելու կարեւորությունը

Պետնախարարը վստահեցնում է` նախարարներն ազատ են արտահայտելու իրենց կարծիքն ու անհամաձայնությունը այս կամ այն խնդրի շուրջ։ «Ինձ համար կարեւոր է թիմային աշխատանքը։ Հայտնի փաստ է, որ վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը, իմ կարծիքին դեմ կարծիքը միայն կողջունեմ։ Իհարկե, տարբեր կարծիքների դեպքում իմ լիազորությունների շրջանակում ինձ վրա եմ վերցնում որոշման կայացման պատասխանատվությունը, սակայն իդեալական վիճակում դա լինում է թիմի որոշումը։ Պետական նախարարը պետք է համակարգի եւ կազմակերպի նախարարությունների փոխհամագործակցությունը»:

Գրիգորի Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ կառավարությունում չունեն կարծիք արտահայտելու վախ, սահմանափակում, առավել եւս, որ ինքը եղել է եւ շարունակում է մնալ նույն կառավարության անդամ, նախարարների հետ ունի գործընկերային հարաբերութուններ։

Ըստ Մարտիրոսյանի` ինքը եւս կաշկանդված չէ իր վերադասին` Արցախի նախագահին որեւէ հարցում «ոչ» ասել։ «Նախագահի կարծիքին հակառակ կարծիք արտահայտելու խնդիր չունեմ։ Այլ կերպ չենք կարող աշխատել։ Եթե լինենք կույր կատարողներ, ոչնչի չենք հասնի։ Նախագահն էլ կողմ չէ, որ լինեն միանձնյա որոշումներ», - ասում է պետնախարարը, որի աշխատասենյակում կախված է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի լուսանկարը։ Հեղափոխությունից հետո Հայաստանում շատերը հրաժարվել են այս պրակտիկայից, Արցախում այն շարունակում է գործել։

Քաղաքական կարիերա

Ժամանակին Մարտիրոսյանի կյանքում ճակատագրական է եղել Արցախի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվելը։ Մասնագիտական ընտրություն կատարելիս տատանվում էր բժիշկի եւ ծրագրավորողի միջեւ։ Առաջին մասնագիտությունը ծնողների ընտրությունն էր, իսկ համակարգիչների` այդ տարիներին անհասանելի թվացող աշխարհն իրեն էր հետաքրքիր։ Ի վերջո, որոշել էր ընդունվել կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ու ծրագրավորող դառնալ, սակայն այդ տարի տվյալ բաժնում ընդունելություն չեղավ։

Իր պարապած առարկաներով ընդունվեց տնտեսագիտական ֆակուլտետ, որը, ինչպես ինքն է նշում, ճակատագրական ուղի դարձավ իր համար` տանելով դեպի պետական աշխատանք։

Թեեւ Մարտիրոսյանը քաղաքական պաշտոն է զբաղեցնում, ասում է, որ երբեւէ չի զբաղվել քաղաքականությամբ, որեւէ կուսակցության անդամ չէ։ Այս պահին էլ իրեն չի տեսնում քաղաքականության մեջ։ Դիտարկմանը, որ անկուսակցական մնալ կարող է, քաղաքական պաշտոնում քաղաքականությունից զերծ մնալ` ոչ, արձագանքում է. «Հիմա իմ քաղաքականության մեջ լինելը սահմանափակվում է նրանով, որ իրականացնում եմ պետության քաղաքականությունը»։

Հեղափոխությունն ու Արցախը

«Ազգային զարթոնքն ապրել են նաեւ արցախցիները։ Հիմա մեզ մոտ նկատելի է բաց խոսելու ձգտումը։ Դա շատ դրական է, մարդիկ պետք է կարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ նրանից` մենք համաձայն ենք դրա հետ, թե ոչ։ Խնդիրները թաքցնելով՝ դրանք խորացնում ենք», - ընդգծում է նա։

Մարտիրոսյանն աշխատել է թե նախկին, թե նոր իշխանությունների օրոք։ Ասում է` հիմա բարձրաստիճան պաշտոնյանների կապը ժողովրդի հետ ակնհայտ է։


Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Հրայր Բադալյանի
 

← Վերադառնալ ցուցակին