Պետական նախարար

Հարցազրույցներ

Վերաբնակեցման համար կարող են դիմել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ սփյուռքից. Արցախի պետնախարարի հարցազրույցը հայկական ժամանակին

30.10.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել էր «Արցախ րութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի: Հանդիպմանը քննարկվել է Արցախի Քարվաճառի շրջանում իրականացվող վերաբնակեցման ծրագիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին սկսել Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 եւ Քարվաճառ քաղաքի 50 բնակարանների կառուցման շինարարական աշխատանքները: «ԱՐԻ» ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը, անդրադառնալով Քարվաճառում իրականացվելիք բնակարանաշինությանը եւ հաշվի առնելով, որ այն կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով՝ նշել է, որ առաջարկ կա թաղամասը «Սիդնեյ» անվանել:
«Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար, սակայն ունեցած հնարավորությունները բավարար չեն այս ուղղությամբ լիարժեք քաղաքականություն իրականացնելու համար»,- այս մասին մեր զրույցում ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:


- Պարոն Մարտիրոսյան, «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերության միջոցով մինչ այժմ քանի՞ բնակարան է կառուցվել վերաբնակեցման նպատակով:


- Նախ նշեմ, որ «ԱՐԻ» ընկերության հետ Արցախի կառավարությունը երկար տարիների արդյունավետ փոխհամագործակցության փորձ ունի: Մեր առաջին համատեղ ծրագիրը սկսել ենք 2010թ.-ին, որի մեկնարկը եղել է հայրենադարձ քաղաքացիներին արտոնյալ պայմաններով, առանց գրավի անասնավարկերի տրամադրմամբ: Հաջորդ փուլում ընկերության հատկացրած միջոցներով Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվել եւ վերաբնակ ընտանիքներին է հանձնվել 50 առանձնատներով բնակելի թաղամաս՝ «Արիավան» անունով: Նոր ծրագիրը, որը օրերս քննարկել ենք «ԱՐԻ»-ի հոգաբարձուների խորհրդի պատասխանատուների հետ, բնակարանաշինական աշխատանքների շարունակումն էր:
Ինչ վերաբերում է վերաբնակեցման գոտում կառուցված բնակարանների թվին՝ ասեմ, որ դժվար է կոնկրետ թվեր նշել, քանի որ այդ քաղաքականությունը մեզանում իրականացվել է տարբեր փուլերով և եղանակներով: Օրինակ՝ սկզբնական շրջանում օգտագործվել է առկա բնակֆոնդը, ապա պետական միջոցներով ներդրվել է շինանյութերի տրամադրման ծրագիր, որով հնարավորություն է տրվել բնակիչներին վերանորոգելու իրենց բնակարանները: Դրան զուգահեռ՝ պետական եւ բարեգործական տարբեր ծրագրերով իրականացվել է նաեւ բնակարանաշինություն: Օրեր առաջ պետական միջոցներով Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում շահագործման է հանձնվել 50 առանձնատուն, որոնք տրամադրվել են հայրենադարձ ընտանիքների:
Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար, սակայն ունեցած հնարավորությունները բավարար չեն՝ այս ուղղությամբ լիարժեք քաղաքականություն իրականացնելու համար: Ուստի, առիթն օգտագործելով, դիմում եմ համայն հայությանը՝ հորդորելով ավելի ակտիվ ներգրավվելու հայրենադարձության ծրագրի իրականացմանը:


- Որքա՞ն ներդրում է կատարում «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերությունը ծրագրի համար:


- Արցախում «ԱՐԻ» ընկերության ներդրումների ծավալը ներկայումս կազմում է մի քանի միլիոն ամերիկյան դոլար, եւ հավատացած ենք, որ այն առաջիկայում կաճի: Պետք է նշել, որ «ԱՐԻ»-ի մոդելը նորամուծություն է վերջին տարիներին ձեւավորված Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում: Այն հնարավորություն է տալիս սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին աջակցել Արցախին՝ տրամադրելով ցածր տոկոսադրույքով նպատակային վարկ եւ, բնականաբար, ստանալ որոշակի շահույթ՝ ամբողջ գումարը վերադարձելիության պայմանով:
Հուսով եմ՝ այս փոխշահավետ համագործակցությունը շատ լավ ապագա կունենա: Համենայնդեպս, մենք դրանում շահագրգռված ենք:


- Վերաբնակեցման համար ովքե՞ր կարող են դիմել եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվում, թե ովքեր պետք է այդ բնակարաններում ապրեն:


- Վերաբնակեցման համար կարող է դիմել յուրաքանչյուր հայ ընտանիք, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ սփյուռքից: Իհարկե, առաջնահերթությունը տրվում է երիտասարդ ընտանիքներին, բայց միևնույն ժամանակ որեւէ սահմանափակում դրված չէ:
Կառավարության որոշմամբ՝ նախ փոխհատուցվում է վերաբնակ ընտանիքի անդամների եւ գույքի տեղափոխման ծախսը, պետությունը պարտավորվում է այդ ընտանիքին ապահովել բնակարանով, ընտանիքի յուրաքանչյուր շնչի հաշվով տվյալ բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողերի առկայության դեպքում՝ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվում է 0,6 հա հողամաս՝ ներառյալ տնամերձ հողամասը, 5 տարի ժամկետով ընտանիքը ազատվում է բնակարանային կոմունալ ծառայությունների վարձից (բնակվարձ, ջրի եւ կոյուղու վարձ), օգտագործած էլեկտրաէներգիայի համար մեկ շնչի հաշվով տրվում է որոշակի չափով փոխհատուցում եւ այլն:
Նշեմ, որ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում հիմնականում ստեղծված են կենսագործունեության համար գրեթե բոլոր անհրաժեշտ պայմանները: Համայնքները էլեկտրաֆիկացված են, խմելու ջրի հարցը հիմնականում լուծված է, ունեն դպրոց, հասանելի են առողջապահական եւ կապի ծառայությունները, իսկ Գորիս-Ստեփանակերտ եւ Վարդենիս-Մարտակերտ մայրուղիները համապատասխանաբար անցնում են հենց նշված շրջաններով:


- Հիմնականում ի՞նչ աշխատանքով են զբաղվում վերաբնակեցված բնակավայրերում ապրող քաղաքացիները:


- Աշխատանքի բնույթը տարբեր է, գրեթե նույնը, ինչ Արցախի մյուս շրջանների բնակիչներինը: Սակայն պետք է ընդգծեմ հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվելը, որտեղ քաշաթաղցի մեր հայրենակիցները շատ ավելի առաջ են անցել: Հացահատիկի համախառն բերքի ստացման առումով Քաշաթաղի շրջանը վերջին տարիներին ապահոված ցուցանիշներով մոտ երկու անգամ գերազանցում է Արցախի մյուս շրջաններից յուրաքանչյուրին: Սա, միանշանակ, շոշափելի հաջողություն է, որը պետք է շարունակաբար զարգացնենք:
 

← Վերադառնալ ցուցակին