Պետական նախարար

Հարցազրույցներ

Բյուջետային ֆինանսավորման առումով Արցախը Հայաստանի հետ գտնվում է նույն տնտեսական դաշտում. Գրիգորի Մարտիրոսյան

17.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն է:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Արցախի Հանրապետությունը ի՞նչ տնտեսական աճ է գրանցել, արդյոք այն պահանջը, որ դրված էր ԱՀ պետական նախարարությունում, կյանքի՞ է կոչվել:

-Առնվազն 8 տոկոս միջին տարեկան տնտեսական աճի ապահովումն Արցախի կառավարության միջնաժամկետ գերակայություններից է: 2018 թվականին մեզ հաջողվել է ապահովել 11.9 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` երկրում ստեղծվել է ավելի քան 55.3 մլրդ դրամի համախառն ներքին արդյունք` ապահովելով 6.1 տոկոս իրական աճ: Տարեսկզբից, հանքարդյունաբերության որոշակի անկմամբ պայմանավորված, նկատվել է տնտեսության աճի որոշակի զսպվածություն, սակայն վերջին ամիսների ընթացքում տնտեսության աշխուժացումը նորից վերականգնվել է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 8.4 տոկոս: Ակնկալում ենք, որ ընթացիկ տարին եւս կավարտենք ամրագրված ծրագրային ցուցանիշը գերազանցող տնտեսական աճով:

–Խնդրում եմ, կոնկրետ նշեք այն քայլերը, որոնք իրականացրել եք Արցախի տնտեսության ծաղկման համար:

-Տնտեսության առաջընթացը գերազանցապես պայմանավորված է ստեղծված բիզնես միջավայրով, որի տնտեսական, իրավական, սոցիալական, քաղաքական բաղադրիչների բարելավման ուղղությամբ շարունակաբար իրականացնում ենք գործնական քայլեր: Դա մեր առօրյա գործունեությունն է, ինչը, բազմաթիվ ծրագրերի ամբողջություն է:

Կփորձեմ խոսել էական քայլերի մասին: Հատկանշական են տարեսկզբից գործողության մեջ մտած փոքր ձեռնարկատիրության հարկային բեռի թեթևացում նախատեսող օրենսդրական փոփոխությունները, որոնց շնորհիվ նվազել է արտոնագրային և հաստատգրված վճար վճարողների հարկային բեռը: Արդյունքում այդ հարկատուները ամսական պետք է վճարեն փոքր գումարներ, օրինակ` 1000-2000 դրամ, ինչն ավելի շատ խորհրդանշական է: Այս արտոնությունից օգտվել են հանրապետության հարկատուների ավելի քան 30%-ը, և առաջին հերթին այն միտված է ինքնազբաղվածության խթանմանը:

Վերջերս օրենսդրական նախաձեռնությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրվել են հարկային արտոնություններ` ձևավորելով առավել դյուրին և մրցունակ միջավայր: Հարկային դաշտի բարեփոխումներով նաև պարզեցվել են գործող ընթացակարգերն ու մեղմացվել վարչարարությունը, թեթևացվել է փաստաթղթաշրջանառության բեռը, ընդլայնվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շրջանակը: Իրականացվում են մի շարք գործնական միջոցառումներ՝ ուղղված արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղմանը՝ ապահովելով արցախյան գործարարների մասնակցությունը ՀՀ և արտասահմանյան ցուցահանդեսներում: 2018 թվականին առաջին անգամ մեր արտադրողները հանդես են եկել ասիական ցուցահանդեսներում, որտեղ ունեցել են հաջողություններ:

Արդյունաբերության ոլորտում շարունակում ենք դիվերսիֆիկացման քաղաքականությունը: Այդ ուղղությամբ իրականացված գործնական քայլերից է արդյունաբերական համալիրների ստեղծումը` որպես շոշափելի աջակցություն նոր ստեղծվող ձեռնարկություններին: Հատկանշական է 2018 թվականին կոշիկի գործարանի գործարկումը նման միջավայրում, որն ապահովել է մոտ 80 աշխատատեղ: Նման արդյունաբերական համալիրների ստեղծումը նպաստել է նաև մշակող արդյունաբերության զարգացմանը: 2019 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում մշակող արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 2.6 անգամ աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Կարող ենք արձանագրել, որ մեր երկրում տարեցտարի ավելանում են էլեկտրաեներգիայի արտադրության ծավալները՝ փոքր ՀԷԿ-երի գործարկման շնորհիվ: Ներկայում էլեկտրաէներգիայի բնագավառում Արցախն ինքնաբավ է և, իրականացնում է նաև արտահանում: Դրան զուգահեռ լուրջ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին:

Այսպես, 2019 թվականից գործարկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ստեղծման ծրագիրը, միջոցներ են ձեռնարկվել նաև արևային համակարգային կայանների ստեղծման և զարգացման ուղղությամբ: Արդեն իսկ ձևավորված է արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրաիրավական դաշտը: Գյուղատնտեսության բնագավառում իրականացվում են պետական աջակցության տասնյակ նորար և հեռանկարային ծրագրեր` նպատակ ունենալով էքստենսիվ զարգացումից անցում կատարել ինտենսիվ զարգացման:

Հատկանշական է կաթիլային ոռոգման համակարգերի կառուցմանը նպաստող ծրագիրը, որի շնորհիվ բազմամյա տնկարկների տարածքը 2018 թվականին ավելացել է ավելի քան 600 հեկտարով կամ 12 տոկոսով: 2019 թվականին նախատեսվում է կաթիլային համակարգով ոռոգվող այգիների տարածքը 622.5 հա-ից հասցնել 1400 հա-ի: Դա անշուշտ կնպաստի պտղատուների համախառն բերքի և բերքատվության ցուցանիշների բարելավմանը:

Անասնաբուծության ոլորտում կատարվում են նաև արոտների մակերեսային բարելավման, արոտների ջրարբիացման և միջդաշտային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ:

2019 թվականից Արցախում մեկնարկել է գյուղատնտեսության համատարած հաշվառման ծրագիրը, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատել է Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագիրը, որն ընդգրկում է կոնկրետ միջոցառումներ` ուղղված անասնագլխաքանակի ավելացմանը:

2019 թվականից վարկային բեռի թեթևացմանն ուղղված բարեփոխումներ են իրականացվել հիփոթեքային վարկավորմամբ արցախյան ընտանիքների, հատկապես՝ սոցիալական որոշ խմբերին պատկանող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման պետական ֆինանսական աջակցության ծրագրերում:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Ստեփանակերտում մեկնարկել է լայնամասշտաբ բնակարանաշինության նպատակային ծրագիրը` ուղղված նոր, մատչելի գներով բնակարանների առաջարկի ավելացմանը:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանը սկսում է տնտեսական հեղափոխություն. Ձեզ մոտ նման հեղափոխություն սպասվո՞ւմ է տնտեսությունում:

-Մեր ջանքերն ուղղված են կայուն տնտեսական աճի ապահովմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը: Այժմ տարբեր ներդրողների հետ տարվում են բանակցություններ, և ստանում ենք հիմնականում դրական արձագանքներ:

-Ձեր կառավարման ժամանակահատվածում արդյոք արցախցին իր կենսակերպում զգո՞ւմ է փոփոխություն, արդյոք եղե՞լ է աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների ավելացում եւ այլն:

-Բյուջետային ֆինանսավորման առումով ԱՀ-ն ՀՀ-ի հետ գտնվում է միեւնույն տնտեսական դաշտում, մասնավորապես, կենսաթոշակներին ու աշխատավարձերին առնչվող խնդիրների կարգավորման մոտեցումները փոխկապակցված են: ՀՀ-ի օրինակով մենք նույնպես տարեսկզբից սահմանել ենք նվազագույն կեսաթոշակի չափ. այն կազմում է 25 500 դրամ:

Հուլիսի 1-ից ԱՀ-ում եկամտային հարկը նվազեցվել է 1 տոկոսով, որի արդյունքում պետական եւ մասնավոր հատվածներում ապահովվել է աշխատավարձերի որոշակի աճ: Տարեսկզբից 15 տոկոսով բարձրացել է բուժաշխատողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերին կբարձրանա նաեւ ուսուցիչներինը: Կարող ենք արձանագրել, որ այս տարվա 1-ին եռամսյակի դրությամբ հանրապետությունում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 5.8 տոկոս աճ:

-Խնդրում եմ, Դուք գնահատեք Ձեր աշխատանքը. ի՞նչ եք կարծում, Արցախի Հանրապետության քաղաքացին գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից:

-Իմ կատարած աշխատանքի նկատմամբ ամենխիստ պահանջատերը հենց ես եմ: Մեր երկրում չլուծված խնդիրները շատ են, եւ մինչեւ էական փոփոխություններ չլինեն, չենք կարող գոհ լինել: Կարծում եմ, որ մարդկանց առողջ պահանջատիրությունն այն ուժն է, որը ստիպում է ապահովել պետական հատվածի արդյունավետ աշխատանքը:

-Գաղտնիք չէ, որ Արցախի նախագահի ընտրությունների հետ կապված լարված իրավիճակ է ԱՀ-ում, դա կարո՞ղ է ինչ-որ չափով ազդել պետության անխափան գործունեության վրա:

-Երկրում ընթանում են քաղաքական գործընթացներ: Սեպտեմբերին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քաղաքական ուժերը պատրաստվում են մի քանի ամսից տեղի ունենալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Այդ ամենով հանդերձ, սակայն, պետական համակարգն աշխատում է անխափան:

Համոզված եմ, որ քաղաքական պայքարը կընթանա առողջ ու կառուցողական միջավայրում, իսկ 2020 թվականին սպասվելիք համապետական ընտրություններին մեր ժողովուրդն իր իմաստուն որոշումը կկայացնի: Ըստ այդմ, հանդուրժողականության միջավայրում քաղաքական պայքարը չի կարող բացասապես ազդել տնտեսության ու երկրի կենսագործունեությունն ապահովող այլ ոլորտների վրա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 

← Վերադառնալ ցուցակին