Պետական նախարար

Հարցազրույցներ

Միանշանակ կարող եմ ասել, որ այս համաժողովը մեծ իրադարձություն է ՀՀ տնտեսության համար. ԱՀ պետնախարար.Արմթայմս

07.10.2019

Երեւանում ընթացող WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցություն ունի նաեւ Արցախը: Այսօր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը շրջայց էր կատարում համաժողովին մասնակից ՏՏ ոլորտի ընկերությունների տաղավարներով, ծանոթանում նորագույն տեխնոլոգիաներին:

«Հայկական ժամանակ»-ը համաժողովի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց պետնախարարին:

- Պարոն Մարտիրոսյան, Արցախը ի՞նչ մասնակցություն ունի այս համաժողովին:

- Նախ ասեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է մնում: Կարելի է ասել գերակայություններից մեկն է: Մենք որոշակի ձեռքբերումներ ունենք արդեն այդ ուշադրության շնորհիվ: Օրինակ՝ այս ոլորտի շրջանակներում մենք արդեն գրանցել ենք տասնյակից ավելի կազմակերպություններ եւ 100-ից ավելի աշխատատեղեր: Այդ ոլորտի ավելի զարգացման համար նաեւ օրենսդրական փոփոխություն ենք ընդունել, որի համաձայն՝ ՏՏ կազմակերպությունների համար արտոնյալ հարկային ռեժիմ է սահմանվել: Հույս ունենք, որ դա կնպաստի էլ ավելի զարգացմանը: Այսօրվա համաժողովին մենք հույս ունենք կապեր հաստատել համաշխարհային ընկերությունների հետ եւ ընդլայնել Արցախում ներկայացված կազմակերպությունների ցանկը: Այդպիսի փորձ ունենք: Արցախում արդեն իսկ կան մի քանի խոշոր կազմակերպություններ, որոնք ունեն նաեւ տեղական մասնաճյուղեր եւ գերազանցապես օգտագործում են տեղական կադրային ներուժը: Հույս ունեմ, որ այդ աշխատանքները կընդլայնվի եւ մենք այս ոլորտին հարիր մասնաբաժին կունենանք մեր տնտեսությունում:

- Համաժողովի ժամանակ ձեզ հետաքրքրող ապրանքատեսակներ կա՞ր, զրուցե՞լ եք ընկերությունների ներկայացուցիչների հետ:

- Այո, որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել ենք: Ունենք երիտասարդների որոշակի զանգված, որոնք հետաքրքրված են եւ արդեն որոշակի փորձ են ձեռք բերել ոլորտում: Վերջին տարիներին Արցախում իրականացված ծրագրերը՝ «Թումո»-ն, «Արմատ» լաբորատորիաների հիմնումը նպաստել են բարձր դասարանցիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման վրա:

- Ինչպե՞ս է կազմակերպված համաժողովը: Այլ երկրներում նմանատիպ միջոցառումների մասնակցե՞լ եք:

- Միանշանակ կարող եմ ասել, որ այս համաժողովը մեծ իրադարձություն է, թե՛ Հայաստանի տնտեսության համար, թե՛ ընդհանրապես ՏՏ ոլորտի համաշխարհային տնտեսության զարգացման համար: Ես համոզված եմ, որ այն իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման համար: Որովհետեւ Հայաստանի ՏՏ ոլորտը մեծ հեռանկար ունի եւ այսօր արդեն աշխարհում կարեւոր խաղացողներից է:

- Արցախի տնտեսության մեջ, քանի՞ տոկոս է կազմում ՏՏ ոլորտով զբաղվող կազմակերպությունների եւ անձանց թիվը:

- Չեմ կարող ասել, որ շատ մեծ տոկոս է կազմում: Սակայն այստեղ կարեւորը դինամիկան է: Օրինակ՝ 2018 թվականի արդյունքներով ոլորտի ավելացված արժեքի աճը 2 անգամ ավելացել է: Այսինքն՝ տենդենցը պահպանելով մի քանի տարի անց մենք կկարողանանք գրանցել շոշափելի արդյունք:

- Հնարավո՞ր է Արցախն էլ Հայաստանի պես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ստեղծելու հնարավորությունը դիտարկի:

- Նախարարություն բացելու հարցը դեռեւս չենք քննարկել, սակայն մենք ունենք մասնագիտացված կառույցներ, որոնք զբաղվում են այս ոլորտով: Այն, որ ոլորտը պատշաճ ուշադրության կենտրոնում է՝ դա միանշանակ է: 

← Վերադառնալ ցուցակին