Պետական նախարար

Հարցազրույցներ

Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «Ազատ Արցախ» թերթին՝ ԼՂՀ հռչակման 30-ամյակի առթիվ

02.09.2021

Հարց - Պետական նախարար, ինչպես կվերարժևորեիք Արցախի Հանրապետության 30-ամյա ուղին ընդհանրապես, և Արցախյան երրորդ պատերազմի ու հետպատերազմական իրողությունների համատեքստում մասնավորապես:
Պատասխան -
Արցախի Հանրապետության 30-ամյա ուղին հավատի, արժանապատվության ու կամքի դրսևորման բարդ ու պատվաբեր իրողության հաստատումն է: Աշխարհի բոլոր ժողովուրդները պայքարել և շարունակում են մաքառել հանուն իրենց սեփական հողում ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը: Սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու մեր վճռականությունը,սակայն, շարունակում է հարվածներ կրել հակառակորդ պետություններից: Արցախյան վերջին պատերազմն ինքնին մեր կամքն ու ազատությունները ճնշելու հերթական փորձն էր, մեր ինքնորոշման իրավունքը խեղդելու անմարդկային գործողությունը: Սակայն մենք սրբորեն պահպանեցինք մեր հիշողությունն ու արժանապատվությունը, և մեր պետականության 30-ամյա ուղին մենք հաղթահարում ենք կորստի ցավով, բայց բաց ճակատով ու հավատարիմ մեր դավանած արժեքներին և հայության հավաքական նպատակներին:

Հարց - Ինչպիսի ձեռքբերումներ ու թերացումներ են հատկանշական Ձեր տեսանկյունից։ Որոնք են 30-ամյա Արցախի Հանրապետության դասերն ու խորհուրդը:
Պատասխան - Երիտասարդ տարիք ունեցող պետականության համար իմ խորին համոզմամբ շարունակում է մնալ սովորելու, աշխատելու, ստեղծագործելու, արարելու առաքելությունը: Եվ մեծ աշխարհին արժանին մատուցելու, անհրաժեշտը ստանալու կարողությամբ է հնարավոր խոսել ու հարաբերվել մեր համախոհների, և լուրջ խաղացողն ու թելադրողը դառնալ թշնամու համար:

Հարց - Արցախի Հանրապետության և ՀՀ ներկա մարտահրավերների դիմագրավման գործում առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությունը։ Ինչ հնարավորություններ ու անելքիներ կան այս կապի ամրապնդման ու արդիական խնդիրների լուծմանը համապատասխան վերակազմավորելու ուղղությամբ։
Պատասխան - Արցախի կառավարությունը, և մասնավորապես իմ գլխավորած կառույցը, սերտ համագործակցություն ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների և Սփյուռքի կառույցների հետ: Այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետև միայն համակարգված ու միասնական աշխատանքն է, որ կդառնա պետականության ամրապնդման գրավականը: Իսկ հայոց պետականությանը ծառայելն ու այն զորացնելը յուրաքանչյուր հայի պարտքն է, և հենց այս պարտքի գիտակցումը, այդ նպատակին ծառայելը կդառնա արդիական խնդիրների լուծման ամենակարճ ու վստահելի միջոցը:


Հարց - Պարոն Բեգլարյան, Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ ինչ կոչ -ուղերձով կցանկանայիք դիմել Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։
Պատասխան - Ես ուզում եմ շնորհավորել համայն հայությանը Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ: Հավատում եմ, որ յուրաքանչյուրի մտքում ու սրտում վիրավոր, բայց չընկըճված Արցախն է, նրա պայքարող ու հավատող հասարակությունը: Մարդիկ, որոնք ամեն օր նվիրվում են ու հերոսանում, վճարում ազատության ու խաղաղության գինը և զորացնում Արցախը հայկական պահող բազկի ուժը:
 

← Վերադառնալ ցուցակին