COVID-19

Լրահոս

Արտակ Բեգլարյանի մոտ քննարկվել է պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների ընթացքը

10.09.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի մի խումբ անդամների՝ Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման նախագծային աշխատանքների շուրջ քննարկումների նախնական արդյունքներին տեղեկանալու և պետական լիազոր մարմնի անելիքները հստակեցնելու նպատակով:
Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ճարտարապետ Սերգեյ Գալստյանը ներկայացրել են կատարված աշխատանքները և քննարկված լուծումները: Արտակ Բեգլարյանը ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման՝ ի դեմս Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման ու Հանրապետությունում թատերարվեստի զարգացման հարցերում կառավարության հանձնառությունը: Ըստ այդմ, նա շեշտադրել է Հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է հավուր պատշաճի պատրաստել ոչ միայն շենքի վերականգնման, այլև՝ մշակութային միջավայրի պահպանման ու զարգացման նախագիծը, որի կյանքի կոչման ուղղությամբ ներդրվելու են թե՛ պետական, թե՛ բարեգործական միջոցներ:
Շահագրգիռ քննարկման արդյունքում վեր են հանվել որոշ սկզբունքային հարցեր, որոնց հստակեցման ու կարգավորման ուղղությամբ պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին