Կառավարություն

Նախարարություններ

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան

Կարեն
Ալեքսանդրի
Շահրամանյան

ԱՀ քաղաքաշինության նախարար


Քաղաքաշինության նախարարություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈԻԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
5. Նախարարությունն ունի կանոնադրություն, Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության լրիվ անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն,
ռուսերեն լրիվ անվանումը` Министерство градостроительства Республики Арцах,
անգլերեն լրիվ անվանումը` Ministry of urban development the Artsakh Republic:
Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցք, N 1 շենք:
8. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի շրջանակներում քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, տարածքների ինժեներական պաշտպանության, բնակարանային-կոմունալ տնտեսության, տարածքային հատակագծման և տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների պլանավորման ու զարգացման, դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային ու այլ ենթակառուցվածքների կազմակերպման ոլորտներում հեռանկարային զարգացման ծրագրերի և պետական քաղաքականության մշակման ապահովումը.
2) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.
3) Արցախի Հանրապետության կապիտալ շինարարության բնագավառում պատվիրատուի պարտականությունների իրականացում և կապալային եղանակով Արցախի Հանրապետության տարածքում կապիտալ շինարարության կազմակերպումը.
4) սահմանված կարգով կապիտալ շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը.
5) քաղաքաշինական, ճարտարապետական ու շինարարական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, հրահանգներ և այլն) մշակումն ու սահմանված կարգով հաստատումը (ընդունումը, բացի ազգային ստանդարտներից).
6) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական նպատակային ծրագրերի քաղաքաշինական հիմնավորումների մշակման ու իրականացման ապահովումը.
7) բնակավայրերի, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով հողային պաշարների պետական կառավարման իրականացումը.
8) իր իրավասության սահմաններում բնակավայրի կայուն զարգացման քաղաքականության մշակումը.
9) բնագավառի տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետության տարածքում.
10) քաղաքաշինության բնագավառում գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.
11) Արցախի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության իրականացման նպատակով կատարվող ինժեներահետազննական, տարածքների ինժեներական պաշտպանության, շահագործվող շենքերի և կառուցվածքների (այդ թվում` ինժեներական) տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման (անձնագրավորման) ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման ու համակարգման ապահովումը.
12) բնակարանային քաղաքականության (բնակարանային շինարարության), բնակարանային տնտեսության մեջ առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.
13) իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.
14) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Արցախի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.
15) միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում բնագավառին ցուցաբերվող օժանդակության և աջակցության ծրագրերի նախապատրաստումն ու դրանց իրականացումը.
16) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցությունը.
17) Արցախի Հանրապետությունում ոլորտի ձեռնարկատիրական գործունեության (այդ թվում` փոքր և միջին) զարգացմանը նպաստելը.
18) Արցախի Հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նշված նախագծերի` սահմանված կարգով հաստատումից հետո դրանցով ամրագրված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
19) քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը, ինչպես նաև շենքերի և շինությունների շինարարության (քանդման) ու շահագործման ընթացքում մարդկանց ու կենսագործունեության միջավայրի անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը.
20) քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.
21) Արցախի Հանրապետության պետական քաղաքաշինական կադաստրի վարումը, ամփոփումն ու քաղաքաշինական տեղեկատվական բանկի կազմավորումը.
22) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում բնագավառում տեխնիկական նորմավորման, ստանդարտացման և համապատասխանության հավաստման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը.
23) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
 

Կայք`
http://mudnkr.am/