Կառավարություն

Նախարարություններ

 Արմինե Անդրեյի Պետրոսյան


Արմինե
Անդրեյի
Պետրոսյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար


Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) հանրապետական գործադիր մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, նախարարության աշխատակազմից, խորհրդականներից, օգնականներից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկից:
Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում են նախարարության սոցիալական շտապ օգնության կենտրոնը և տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝
1) սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումն ու իրականացումը.
2) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումը.
3) աշխատանքի պետական կարգավորման և աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
4) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
5) պետական կենսաթոշակային ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
6) ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
7) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
8) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
9) ծնելիության և բազմազավակության խթանման պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
10) ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
11) ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգի միջոցով ընտանիքների սոցիալական պաշտպանության արդյունավետության ու սոցիալական աջակցության հասցեականության ապահովումը.
12) վերաբնակեցման և միգրացիոն պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը.
13) բնակարանային ծրագրերի մոնիթորինգի իրականացումը և բնակարանային ոլորտում պետական աջակցության ծրագրերի համակարգման կազմակերպումը.
14) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.
15) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Արցախի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.
16) միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
17) սոցիալական պաշտպանության բնագավառում տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման ապահովումը:
8. Նախարարության անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն,
ռուսերեն լրիվ անվանումը` Министерство труда, социальных и миграционных вопросов Республики Арцах,
անգլերեն լրիվ անվանումը՝ Ministry of Labour, Social and Migration Affairs of the Republic of Artsakh:

9. Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54:
 

Կայք`
http://www.mss.nkr.am