Կառավարություն

Նախարարություններ

Սերգեյ Վալերիի Ղազարյան

Սերգեյ
Վալերիի
Ղազարյան

ԱՀ արտաքին գործերի նախարար


Արտաքին գործերի նախարարություն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն Արցախի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով։
4․ Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին, «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով վերապահված լիազորությունների շրջանակներում։
5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, նախարարության աշխատակազմից , oտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններից, ինչպես նաև իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից:
7. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`
1) հետևողական աշխատանք տանել՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը.
2) մասնակցել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգի և ուղղությունների մշակման գործընթացին.
3) ներկայացնել համապատասխան առաջարկություններ Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարությանը.
4) իրականացնել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը.
5) միջազգային հարաբերություններում պատշաճ կերպով և հետևողականորեն ներկայացնել Արցախի Հանրապետության շահերն ու իրավունքները.
6) պաշտպանել օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը.
7) դիվանագիտական և (կամ) հյուպատոսական հարաբերություններ իրականացնել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ.
8) համակարգել սփյուռքահայության հետ հարաբերությունները.
9) իր լիազորությունների սահմաններում ապահովել Արցախի Հանրապետության պետական արարողակարգը.
10) ապահովել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում Արցախի Հանրապետության պետական մարմիններին` արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնելու համար։
8․Նախարարության լրիվ անվանումն է՝
հայերեն լրիվ անվանումը՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,
ռուսերեն լրիվ անվանումը՝ Министерство иностранных дел Республики Арцах,
անգլերեն լրիվ անվանումը՝ Ministry of Foreign Affairs of the Republic of Artsakh:
9. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց 28:
 

Կայք`
http://www.nkr.am