Կառավարություն

Նախարարություններ

 Ժիրայր Մելսիկի Միրզոյան


Ժիրայր
Մելսիկի
Միրզոյան

ԱՀ գյուղատնտեսության նախարար


Գյուղատնտեսության նախարարություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
4. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
5. Նախարարությունը իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) ագրոպարենային ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը.
2) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Արցախի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը.
3) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը.
4) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացման աջակցության ապահովումը և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանումը.
5) օրենքով սահմանված կարգով գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական գործունեության իրականացման ապահովումը.
6) օրենքով սահմանված կարգով ջրային համակարգերի տեսչական գործունեության իրականացման ապահովումը.
7) կոոպերացիայի զարգացման ու ընդլայնման ապահովումը.
8) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովումը.
9) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի ներդրման գործընթացի աջակցության ապահովումը.
10) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովումը.
11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովումը.
12) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը.
13) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
14) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման ապահովումը.
15) ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը:
8. Նախարարության անվանումն է՝
հայերեն՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,
ռուսերեն՝ Министерство сельского хозяйства Республики Арцах,
անգլերեն՝ Ministry of agriculture of the Artsakh Republic:
Նախարարության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Թումանյան 115:

 

Կայք`
http://www.minagro.nkr.am