Կառավարություն

Նախարարություններ

Լևոն Ավետիսի Գրիգորյան

Լևոն
Ավետիսի
Գրիգորյան

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար


էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության oրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, նախարարության ենթակայությանը հանձնված 20 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն,
ռուսերեն լրիվ անվանումը` Министерство экономики и производственных инфраструктур Республики Арцах,
անգլերեն լրիվ անվանումը` Ministry օf Economy and industrial infrastructures of the Republic of Artsakh:
Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1: