Կառավարություն

Նախարարություններ

 Ժիրայր Մելսիկի Միրզոյան


Ժիրայր
Մելսիկի
Միրզոյան

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար


Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (այսուհետ` նաև նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, ընդերքի օգտագործման և պահպանության ու անտառների կայուն կառավարման բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենքներին, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
5. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով նախարարության անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության անվանումն է՝
1) հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.
2) ռուսերեն լրիվ անվանումը` Министерство территориального управления и развития Республики Арцах.
3) անգլերեն լրիվ անվանումը` The Ministry of territorial administration and development of the Republic of Artsakh:
8. Նախարարության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1, կառավարության շենք: