Փաստաթղթեր

ԼՂՀ սահմանադրություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ:

Հանրաքվեին մասնակցել են 90077 քաղաքացիներ: Երկրի Հիմնական օրենքի ընդունման օգտին քվեարկել է 77279 մարդ կամ քվեարկության մասնակիցների 98.58%-ը, դեմ է քվեարկել 554 մարդ կամ քվեարկության մասնակիցների 0.7%-ը:

Սահմանադրության ընդունման օրը հանդիսանում է տոնական եւ ոչ աշխատանքային:

ԼՂՀ Հիմնական օրենքը կազմված է ներածությունից եւ 12 գլուխներից:

  • Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները
  • Գլուխ 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները
  • Գլուխ 3. Հանրապետության նախագահը
  • Գլուխ 4. Ազգային ժողովը
  • Գլուխ 5. Կառավարությունը
  • Գլուխ 6. Դատարանները
  • Գլուխ 7. Դատախազությունը
  • Գլուխ 8. Մարդու իրավունքների պաշտպանը
  • Գլուխ 9. Վերահսկիչ պալատը
  • Գլուխ 10. Տեղական ինքնակառավարումը
  • Գլուխ 11. Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն
  • Գլուխ 12. Եզրափակիչ և անցումային դրույթներ


Մենք` Արցախի ժողովուրդը,

-տոգորված ազատության ոգով,

-իրագործելով Հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու ու ստեղծագործելու մեր նախնիների երազանքը եւ ժողովրդի բնական իրավունքը,

-դրսեւորելով անսասան կամք` զարգացնելու եւ պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված եւ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը`
որպես ազատ, իրավահավասար քաղաքացիների ինքնիշխան պետություն,
որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը,
իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են,

-հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի` ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին՚ Հռչակագրի սկզբունքներին,

-երախտագիտությամբ հիշելով մեր նախնիների եւ ներկա սերունդների հերոսական պայքարը ազատության վերականգնման համար, խոնարհվելով մեզ պարտադրված պատերազմում նահատակվածների հիշատակի առջեւ,

- ոգեշնչված աշխարհասփյուռ հայության դրսեւորած միասնության զորությամբ,

-վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները,

-ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ բոլոր ժողովուրդների, առաջին հերթին` հարեւանների հետ` իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ խաղաղ գոյակցության հիման վրա,

-հանդես գալով հանուն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին համապատասխան համաշխարհային արդարացի կարգերի,

-գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա եւ ապագա սերունդների առջեւ,

-իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը,
մեզ համար, սերունդների եւ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապրել Արցախում, ընդունում եւ հռչակում ենք սույն Սահմանադրությունը: