Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ

06.11.2012

Նոյեմբերի 3-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ, ովքեր ճանաչողական այցով Արցախում էին դասախոս Գուրգեն Մելիքյանի հետ: Համալսարանականներին հետաքրքրում էին ինչպես Արցախի ներքին կյանքը` սեփական աչքով տեսածն ուզում էին պետական քաղաքականության ծիրում պատկերացնել, այնպես էլ արտաքին արշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Արցախի կառավարության ղեկավարի կարծիքը:

Արցախի վարչապետը ողջունեց ավստրալացի խորհրդարանականների որոշումը Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման մասին: Պատասխանելով Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին Ա.Հարությունյանը նշեց, որ այդ կարևոր է արցախյան քաղաքական ուժերի և այլ պետությունների քաղաքական կուսակցությունների միջև հարաբերությունների հաստատման և այդ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար: Վարչապետը կարևորում է նաև միջազգային կառույցների հետ հարաբերությունների հաստատումը:

Անդրադառնալով սիրիահայության ճակատագրին` Արա Հարությունյանն ասաց, որ ծագող խնդիրներին պիտի լուծում տալ համահայկական միջոցներով: Արցախը ապաստան է տալիս և պատրաստ է ընդունել բոլոր ժամանողներին, սակայն կեցության և կենցաղային պայմանների ստեղծման հարցում` ողջ հայության աջակցության կարիքը կա:

Օդանավակայանի գործարկման մասին խոսելով` Արա Հարությունյաը նշեց, որ առաջին թռիչքի ուշացման պատճառը անվտանգության բոլոր հարցերը հաշվի առնելն է` անկախ Ադրբեջանի սպառնալիքներից:

Վարչապետը խոսեց նաև երկրի տնտեսական զարգացման հեռանկարների մասին: Խոսեց տարածքների համաչափ զարգացման խնդրից` տեղեկացնելով, որ փոփոխությունները ավելի շատ մայրաքաղաքում են տեսանելի, բայց շինարարություն կատարվում է ողջ հանրապտության տարածքում, կյանքի որակը փոխելու համար` քայլեր ձեռնարկվում են գյուղերում:

Ուսանողների հարցերի մի մասն էլ Շուշիին էր վերաբերում: Քաղաքում շինարարության ընթացքն էր հետաքրքիր, պետական հիմնարկների տեղափոխման հարցը, մահմեդական հուշարձանների ճակատագիրը:

Շուշիում ցանկացած շինարարական աշխատանք կատարելիս քաղաքի պատմական տեսքի հետ պիտի հաշվի նստել` բացատրեց վարչապետը` հավելելով, որ աշխատանքները, նաև նոր հիմնարկների տեղափոխումը բերդաքաղաք, ունեցած ֆինանսական միջոցներից են կախված:

Շուշին ոչ միայն պատմանկան նշանակություն ունի, այլև հոգեբանական` նշեց Արա Հարությունյանը, նաև անդրադառնալով քաղաքի ազատագրման պատմությանը: Երևանի պետական համալսարանի ուսանողներն իրենց այցելությունը Արցախ նվիրել են Շուշիի և Քաշաթաղի ազատագրման քսանամյակին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն 

← Վերադառնալ ցուցակին