Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետի հանդիպումը Քաշաթաղի շրջանի ուսանողների հետ

07.11.2012

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հանդիպումը Քաշաթաղի շրջանի ուսանողների հետ: Հանդիպումը նվիրված էր շրջանի ազատագրման 20-ամյակին: Կառավարության ղեկավարը շեշտեց Քաշաթաղի շրջանի նշանակությունը Արցախի Հանրապետության համար և հավաստիացրեց, որ ոչ ոք չի պատրաստվում հող հանձնել: Շնորհիվ վերջին տարիների քաղաքականության` նրա խոսքով` շրջանում հաջողվել է փշրել այդ կարծրատիպը և հիմնավորել նորը` որ Քաշաթաղի շրջանը սակարկման ենթակա չէ և հանդիսանում է ԱՀ անքակտելի մասը: Անդրադառնալով շրջանի առաձնահատկություններին և հիմնախնդիրներին` վարչապետը նշել է, որ, օգտագործելով տեղանքի ողջ պոտենցիալը, անհրաժեշտ է զարգացնել այն: Շրջանի տնտեսության զարգացումը հնարավորություն կտա բնակչության թիվն ավելացնել: Շրջանի տնտեսության զարգացման համար Ա.Հարությունյանը կարևորում է ենթակառուցվածքների վերականգնումն ինչպես պետական միջոցներով, այնպես էլ բարեգործական ծրագրերով և այլ ռեսուրսներով: Անդրադառնալով շրջանի տնտեսության զարգացման առաջնահերթություններին` կառավարության ղեկավարը նշեց, որ բացի գործող երկու հիդրոէլեկտակայաններից, շուտով կկառուցվեն ևս 3-ը, ինչի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Տնտեսության այլ ուղղություններից վարչապետը առանձնացրեց հանքարդյունաբերությունը, որը հեռանկարային ճյուղ է Քաշաթաղի շրջանի համար: Ա. Հարությունյանը շեշտեց գյուղատնտեսության զարգացման համար շրջանի բարենպաստ պայմանները, որոնք, ըստ նրա, բացառիկ են մյուս շրջանների համեմատ: Քննարկվում է զբոսաշրջության զարգացման հեռանկարը: Բնակարանաշինության հիմնախնդրի մասին վարչապետը նշեց, որ շինանյութեր տրամադրելուց բացի, անհրաժեշտ է նաև բնակիչների համար հիփոթեկային վարկերից օգտվելու հնարավորություն ստեղծել:

Հանդիպման վերջում կառավարության ղեկավարը պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին ուսման վարձավճարներին, ինտերնետային կապի ապահովմանը, բնակարանային հարցերին և այլն:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն 

← Վերադառնալ ցուցակին