Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Կխստացվի հողօգտագործողներին տրվող պետական աջակցությունը

20.11.2012

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ` գյուղնախարարի, շրջվարչակազմերի ղեկավարների, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրենի և մասնաճյուղերի ղեկավարների ու շրջվարչակազմերի գյուղբաժինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին աշնանացանին և գյուղատնտեսական ծրագրերին առնչվող հարցեր:

Գյուղնախարարի հաղորդած տվյալներով` նախարարություն ներկայացվել է 50 հազար հա-ից ավելի աշնանացանի հայտ: Հերկվել է 35 հազար 465 հա հողատարածություն, ցանքս կատարվել է առայժմ մոտ 12 հազար հեկտարի վրա: Գարնանացանի համար ներկայացվել է ընդամենը 5300 հա-ի հայտ:

Նախ` վարչապետը դժգոհություն հայտնեց այն աշխատաոճի վերաբերյալ, որով ոլորտի պատասխանատուները շուրջ հինգ տարի շարունակ առաջնորդվում են. շոշափելի արդյունքի չեն հասնում գերակա ճյուղ համարվող գյուղատնտեսությունում այն պատճառով, որ հողօգտագործողները չեն պահպանում առաջնային ագրոկանոնները, հատկապես ցանքաշրջանառությունն ու հողի պարարտացումը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հողերում առկա սննդառությունը նվազագույն նորմայից քիչ է, սակայն հողօգտագործողները հրաժարվում են պարարտացնել: Այս ամենը, վարչապետի խոսքով, հողամշակների մոտ գյուղբաժինների կողմից տարվող խորհրդատվությունների և բացատրությունների անբավարարության հետևանք է:

Իրավիճակը շտկելու համար վարչապետը հայտարարեց, որ 2013 թվականից կվերանայվեն գյուղատնտեսության աջակցության բոլոր ծրագրերը: Կմշակվեն նոր մեխանիզմներ և պետության կողմից աջակցություն կստանան այն հողօգտագործողները, ովքեր առաջնոդվելու են միայն ու միայն ագրոկանոններով: Այդ նպատակով, համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, կստեղծվի աշխատաքային խումբ, որը կներկայացնի առաջարկություններ տրվող աջակցության մեխանիզմները փոխելու վերաբերյալ: Պլանավորվելու են նաև ցանվող մշակաբույսերի քանակն ու տեսականին, առաջարկվելու է ցանքաշրջանառության մեջ մտցնել միամյա մշակաբույսեր: Ա. Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հորդորեց ճշտել շրջաններում առկա վարելահողերի քանակն ու վիճակը և մինչև տարեվերջ այդ տվյալները ներկայացնել իրեն: Վարչապետը ցավով նշեց, որ առկա պայմաններն ու հողօգտագործողներին ընձեռած առանձնահատուկ հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում, ինչի արդյունքում հնարավոր կլիներ գյուղատնտեսական արտադրանքով բավարարել ոչ միայն Արցախի ու Հայաստանի պահանջարկը, այլև մեծ ծավալների արտահանում իրականացնել:

Խորհրդակցության վերջում վարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց գալիք գարնան ցանքի կազմակերպմանը` նշելով, որ պետությունը առավելապես ուշադրություն է դարձնելու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման վրա:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն 

← Վերադառնալ ցուցակին