Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ավարտվում է պետբյուջեի ձևավորման գլխավոր փուլը

20.11.2012

ԼՂՀ կառավարության նիստում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:

Բացելով նիստը` կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ԼՂՀ 2013թ. պետբյուջեի ձևավորման համար նախապես հարկ է ընդունել մի շարք պետական ծրագրեր և այլ իրավական փաստաթղթեր, որոնց մի մասն արդեն պատրաստ է քննարկման: Օրակարգում ներառվել են, մասնավորապես, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, առողջապահական, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2013թ. տարեկան ծրագրերը: Քննարկելով այդ փաստաթղթերը` գործադիրը հավանություն է տվել դրանց, որոնք և «ԼՂՀ 2013թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի հետ կներկայացվեն խորհրդարան:

Վերոնշյալ ծրագրերում ամրագրվել են այնպիսի միջոցառումներ, որոնք գերազանցապես շարունակությունն են նախորդ տարիներին այդ ոլորտներում իրականացված աշխատանքների, բայց և առկա են նոր նախանշումներ: Ի մասնավորի, նախատեսվում է լիովին լուծել Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամների ընտանիքների բնակարանային խնդիրը: Առողջապահության բնագավառում պետական միջոցները կներդրվեն հինգ ուղղություններով` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության, առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղերով ապահովում:

Պետբյուջեի կապակցությամբ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս.Թևոսյանը նշել է, որ ֆինանսական հիմնական օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացը ավարտական փուլում է, ուստիև պետական գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց ներկայացնել վերջնական` ճշտված առաջարկությունները: Օրենքով սահմանված ժամկետում պետբյուջեի նախագծի քննարկումներն ավարտելու նպատակով որոշվեց կառավարության հաջորդ նիստը գումարել մեկ շաբաթ անց` նոյեմբերի 27-ին: Այդ օրը գործադիրը կանդրադառնա պետբյուջե-2013-ին առնչվող փաստաթղթերի փաթեթին:

Կայացած նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունված առանձին որոշումներում: Մասնավորապես, նոր բովանդակություն է ստացել 2009թ. «Մանկավարժին այլ վայր աշխատանքի ուղեգրելու մասին» թիվ 466 որոշումը: Այսուհետ մանկավարժը կարող է ուղեգրվել (համապատասխան արտոնություններով) ընդհանուր առմամբ 6 տարի ժամկետով: Ուղեգրումը կատարվում է թափուր տեղերի համար անցկացված մրցույթի արդյունքներով: Խնդրի առնչությամբ վարչապետ Ա.Հարությունյանը անդրադարձավ, որ հարկ է նման մրցույթները կազմակերպել առավելագույնս թափանցիկ և նախապատվություն տալ մանկավարժական բարձր որակներ ունեցող մասնագետներին: «Հասարակության մոտ կարծիք կա, որ նման հարցերը լուծվում են առավելապես միջնորդություններով: Պետք է գործել բացառապես սահմանված կարգի սահմաններոմ»,- պահանջել է վարչապետը:

Կրթության որորտին առնչվող մյուս որոշմամբ` հիմնադրման միջոցով կստեղծվի ԼՂՀ Շահումյանի շրջանի «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարվել է սահմանված ժամկետում ապահովել այդ կազմակերպության կառավարման մարմնի ձևավորումը:

Գործադիրը հաստատել է քաղաքաշինության նախարարության կողմից Ստեփանակերտ քաղաքի N1 հիմնական դպրոցի նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացված գնման արդյունքները: Այդ օբյեկտի շինարարությունը կիրականացնի «Պանտ» ՍՊԸ-ն: Կառույցի արժեքն է ավելի քան 1 մլրդ 563 մլն դրամ: Շինարարությունը հովանավորում է մոսկվաբնակ հայ գործարար և բարերար Ն.Սարկիսովը: Քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանի պարզաբանմամբ` նոր դպրոցը նախատեսվում է 600 աշակերտի համար և կունենա ուսուցման արդիական պայմաններ:

Նիստում կառավարությունը որոշումներ է ընդունել բնապահպանական ոլորտի գործունեությունը հստակեցնելու նպատակով: Մասնավորապես որոշակիացվել են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը վերապահվող լիազորությունների շրջանակը, այդ կառույցին ենթակա բնական ռեսուրսների կառավարման գործակալության, բնապահպանական և ընդերքի պետական տեսչության գործառույթները:

Գործադիրի ընդունած որոշումներից մեկով` շարժական գույքի հաշվառման լիազոր մարմնի իրավասությունները փոխանցվել են արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը. նախկինում այդ գործառույթը կատարում էր այլևս լուծարված տնտեսական զարգացման նախարարությունը:

Երկու որոշում է կայացվել հողերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ: Առանձին հողակտորներ այսուհետ նոր նշանակությամբ կօգտագործվեն Ասկերանի շրջանի Այգեստանի և Մարտակերտի շրջանի Մեծ շենի գյուղական համայնքներում:

Նիստի ավարտին վարչապետ Ա.Հարությունյանը հայտարարել է, որ հետայսու կառավարությանը հաշվետվություն կտան արտասահմանյան գործուղումների մեկնած նախարարներն ու գործադիրին առընթեր պետական մարմինների ղեկավարները: Հանրությունը ևս պետք է իմանա, թե նման գործուղումներով ինչ արդյունքներ են արձանագրվում` շեշտել է նա: Այսօր հաշվետվությամբ հանդես եկավ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Ս.Շահվերդյանը: Նրա հաղորդմամբ` անցած սեպտեմբերին, ապա նոյեմբերի սկզբին իր ղեկավարած գերատեսչությունը մասնակցել է Փարիզի, այնուհետև Լոնդոնի զբոսաշրջային ցուցահանդես-տոնավաճառներին և ունեցել նշանակալից հաջողություն: Ս.Շահվերդյանի խոսքով` հաստատվել են նոր կապեր արտասահմանյան գործընկերների հետ, քարոզվել են Արցախի զբոսաշրջային լավ պայմանները, ինչի շնորհիվ նոր ակտիվություն է սպասվում մեր հանրապետության համար առաջնային դարձած այդ ճյուղում:

Վարչապետ Ա.Հարությունյանը կարևորելով այդ ոլորտի զարգացումը` պարզաբանել է, որ խնդիրը տնտեսականից բացի ունի նաև քաղաքական նշանակություն: Արցախը զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներում ներկայանում է որպես ինքնուրույն հանրապետություն, որի նկատմամբ օրեցօր աճում է արտասահմանցիների հետաքրքրությունը: Նրանք աստիճանաբար ճանաչում են մեր երկիրրը, կամենում են առնչվել նրա հետ և հարաբերություններ հաստատել: Իսկ այդ ամենը բխում է մեր շահերից` ընդգծել է Ա. Հարությունյանը: Նա հայտարարեց, որ առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կմշակի ճյուղի զարգացման հատուկ ծրագիր: Շատ կարևոր է, որ բնագավառին առնչվող որոշումները կատարվեն` նշել է վարչապետը:

Հաշվետվության քննարկման ընթացքում պահանջ դրվեց լիովին բարեկարգել և ուժեղ վերահսկողության տակ առնել զբոսաշրջային գոտիները, ինչպեսև` որոշակիացնել դրանց կարգավիճակը:

Վերջում վարչապետ Ա.Հարությունյանը ներկաներին հիշեցրեց, որ նոյեմբերի 22-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որին պետք է ակտիվ մասնակցություն ունենա նաև ամբողջ Արցախը: Յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է` կարելվույն չափ մասնակից լինել համազգային հանգանակությանը, հայտարարել է Ա.Հարությունյանը: Հավաքված միջոցները գերազանցապես կուղղվեն Արցախում գյուղական համայնքների զարգացմանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

← Վերադառնալ ցուցակին