Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Գործադիրը հավանականություն է տվել պետբյուջեի նախագծին

27.11.2012

ԼՂՀ կառավարության նիստում
Վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության նիստ` պետբյուջե-2013-ի ձևավորմանն առնչվող հարցերի օրակարգով:

Հանրապետության գալիք տարվա ֆինանսական հիմնական փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Ներկայացնելով «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը` նա հրապարակեց նախանշվող գլխավոր թվերը. եկամուտներ`շուրջ70 մլրդ 294 մլն դրամ, ծախսեր` 71 մլրդ 50 մլն դրամ, պակասուրդ` մոտ 756 մլն դրամ: Ֆինանսական այդ չափաբաժիններով պետք է գործի երկիրը հաջորդ տարի: Դրանք դեռ վերջնական որոշակի ցուցանիշները չեն: Խորհրդարանը ևս պետք է իր խոսքն ասի, սակայն սպասվող ֆինանսական ընդհանուր տեղաշարժը 2013-ին լինելու է վերոնշյալ սահմաններում: Ս.Թևոսյանը ի մասնավորի շեշտել է, որ բյուջեի նախագիծը կազմվել է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրում արտահայտված հիմնական դրույթների և կառավարության գործունեության ծրագրի հիման վրա: Փաստաթղթի պատրաստման ժամանակ որպես գլխավոր նպատակակետեր են նկատի առնվել հանրապետության տնտեսական զարգացումը, բնակչության բարեկեցության բարձրացումը և երկրի պաշտպանության ամրապնդումը: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ` հաջորդ տարի նախատեսվում է 9% տնտեսական աճ, կաճեն սեփական եկամուտները: Բյուջեի 25,4%-ը կուղղվի սոցիալական կարիքներին, որը բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատությամբ: Ֆինանսական բավարար հնարավորություններ են ստեղծված` հաջողությամբ շարունակելու նախկինում սկսած պետական ծրագրերը և ձեռնամուխ լինելու նոր նախագծերի իրագործմանը: Առաջիկա հունվարի 1-ից հանրապետությունում որպես նվազագույն աշխատավարձ կսահմանվի ամսական 35 հազար դրամը` գործող 32,5 հազարի փոխարեն:

Նիստում պետբյուջե-2013-ի առնչությամբ հակիրճ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Ա.Հարությունյանը: Նա նկատել տվեց, որ նախագծում ծախսերի մասով շոշափելի բարձրացումներ չեն նախատեսված, հիմնական միջոցները կուղղվեն տնտեսության զարգացմանը և դեֆիցիտի կրճատմանը: Պարզաբանվեց, որ հանրապետությունում աշխատավարձերը և թոշակները հիմնականում կմնան անփոփոխ, ինչը պայմանավորված է ՀՀ-ի հետ միասնական քաղաքականություն վարելու թելադրանքով: Պետությունը լուրջ ներդրումներ է կատարելու փոքր ու միջին ձեռնարկատիրության և գյուղատնտեսության բնագավառներում: Վարչապետը հայտարարել է, որ մասնավոր հատվածից ևս գալիք տարի ծավալուն ներդրումներ կիրականացվեն, մասնավորապես, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում: Կառավարության ղեկավարի խոսքով` 2013-ը համեմատաբար թեթև տարի է լինելու: Նախատեսվող տնտեսական ծրագրերն իրագործելու դեպքում, վարչապետի կանխատեսմամբ, 2014թ. պետբյուջեն արդեն կլինի ավելի քան 78 մլրդ դրամի սահմաններում: Նա կարևոր նախանշում համարեց այն, որ հաջորդ տարի պետական միջոցների հատկացումներն էապես ավելանալու են առողջապահության բնագավառում, ինչը թույլ կտա նշանակալիորեն բարելավել բնակչության բժշկական սպասարկումը:

Պետբյուջեի օրինագիծը արժանացել է գործադիրի հավանությանը: Այն կներկայացվի Ազգային ժողով, որտեղ և կշարունակվեն փաստաթղթի քննարկումները: Հավանություն են տրվել նաև պետբյուջեին ուղեկից մի շարք օրինագծերի: Դրանց մեծ մասը վերաբերում է հարկային դաշտին: Ներկայացված օրինագծերի առնչությամբ պարզաբանումներ է տվել ԼՂՀ հարկային պետական ծառայության պետ Ա.Բալայանը: Շահութահարկի, եկամտահարկի, առևտրի հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված և արտոնագրային վճարների, ակցիզային հարկի մասին և այլ օրենքներում առաջարկվող լրացումներով և փոփոխություններով, ըստ հանրապետության գլխավոր հարկահավաքի, հաջորդ տարի պետբյուջե մուտքագրվող հարկային հոսքերը կավելանան 600-650 մլն դրամով: Պետությանը վճարումների չափը կբազմապատկվի հանքարդյունաբերությունից, որտեղ արձանագրվում են մեծ շահույթներ: Դրան է նպատակաուղղված նաև այն օրինագիծը, որով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «ԼՂՀ բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում: Այդ խնդրի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը անդրադարձել է, որ բնօգտագործման ոլորտից պետական մուտքագրումների մեծ հնարավորություններ կան, որոնք նպատակային ձևով պետք է ուղղվեն մեր երկրի սոցիալ-տնտեսական կարիքներին: Այս բնագավառում ավելացող հարկերը բացասաբար չեն ներազդելու ներդրումների ծավալների վրա` հայտարարել է Ա.Հարությունյանը:

Նիստում գործադիրը հավանություն է տվել սոցիալական ոլորտին առնչվող օրինագծերի փաթեթին և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացմանը: Կառավարությունը զգալի փոփոխություններ և լրացումներ է առաջարկում հատկապես «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում: Այդ օրինագծերը ևս կներկայացվեն ԱԺ քննարկմանը:

Գործադիրը պետբյուջեի նախագծին կից փաստաթղթերի ցանկում խորհրդարանի դատին կհանձնի միաժամանակ մի շարք պետական ծրագրեր, որոնցից երեքը այս նիստում են արժանացել հավանության, մյուսները կառավարության կողմից դրական եզրակացություն ստացել են նախորդ նիստում: Այսօր շահագրգիռ քննարկումներից հետո հավանություն են տրվել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) աջակցության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, գիտական, գիտատեխնիկական` 2013թ. պետական նպատակային ծրագրերին: Ծավալված խոսակցության ընթացքում վարչապետը ներկաների ուշադրությունը սևեռել է այն կարևոր փաստի վրա, որ անցած տարի ՓՄՁ սուբյեկտների թվաքանակն ավելացել է 291-ով: Ապա արձագանքելով պաշտպանության նախարար Մ.Հակոբյանի դիտողությանը` իր հերթին մտահոգություն է հայտնել Արցախում մասսայական սպորտի ոչ բավարար զարգացածության վերաբերյալ և իրավասու մարմնին հանձնարարել հաջորդ տարի ակտիվ աշխատանքներ ծավալել այդ ուղղությամբ:

Նիստում ընդունվել է մի որոշում ոչ բյուջետային ոլորտից: Կառավարության աշխատակազմին թույլատրվել է շուկայական մեթոդով` 2 մլն 540 հազար դրամ գնահատված` պետական սեփականություն հանդիսացող 67,8 քառ. մ մակերեսով շինությունը (հասցե` ք.Հադրութ, Անդրանիկի փողոց 7ա) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ Անդրեյ Մարտիրոսյանին: Վերջինիս պարտականությունների ցանկում սահմանվել է, որ գնորդը մինչև 2013թ. դեկտեմբերի 30-ը տվյալ օբյեկտում պետք է կատարի առնավազն 3 մլն դրամի չափով ներդրում:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն 

← Վերադառնալ ցուցակին