Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում

05.12.2012

Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» պետարտոնագրված համալսարանի դասախոսների և ուսանողների հետ: Վարչապետը շնորհավորելով համալսարանի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, նշել է, որ կրթօջախը հաջողությամբ է հաղթահարել կազմավորման շրջանի փորձությունները և այսօր գործում է ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան: Կառավարության ղեկավարը ներկայացրել է իշխանությունների, մասնավորապես, գործադիրի առջև դրված խնդիրներն ու ծրագրերը և դրանց լուծման ու իրականացման գործում կարևորել համալսարանականների դերը: Կրթական համակարգի զարգացման հիմքում իրականացվող բարեփոխումներն են: Ա.Հարությունյանը կարևորում է աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան որակյալ մասնագետների թողարկումը: Նա նշել է, որ ԼՂՀ տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերից առաջնահերթություն է տրվում էլեկտրաէներգիայի արտադրությանն ու հանքարդյունաբերությանը: Ուշադրության կենտրոնում է վերամշակող ձեռնարկատիրության զարգացումը: Վարչապետը անդրադարձավ նաև երկրի պարենային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին:

Հանդիպմանը հնչած հարցերի պատասխաններից ներկաները տեղեկացան, որ վերաբնակեցման ծրագրի արդյունավետ իրագործումը պայմանավորված է նյութական մեծ միջոցներով, իսկ հիփոթեքային ծրագրի նոր պայմանները վերանայման փուլում են: Հնչեցին հարցեր նաև բջջային կապի սակագնային քաղաքականության, ադրբեջանական քարոզչամեքենային հակընդդեմ կենտրոն ունենալու անհրաժեշտության մասին և այլն:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին 

← Վերադառնալ ցուցակին