Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Խորհրդակցություն ԼՂՀ կառավարությունում

01.08.2013

Օգոստոսի 1-ին ԼՂՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում նախադպրոցական խմբերի և մանկապարտեզների գործունեության վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցում էին կառավարության անդամներ, Ստեփանակերտի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության մասին շրջանառվող ասեկոսություններին արդրադառնալով` կառավարության ղեկավարը հորդորեց զերծ մնալ այդօրինակ հերյուրանքներին ուշադրություն դարձնելուց և առավել կենտրոնանալ մանկապարտեզների գերծանրաբեռնվածության թոթափման խնդրին:

Ստեփանակերտի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդգրկվածության մասին կրթության և գիտության նախարար Սլավիկ Ասրյանի զեկույցի համաձայն` ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, մայրաքաղաքի մանկապարտեզներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են: Գործող մանկապարտեզներին զուգահեռ, նախատեսվում է նաև հանրակրթական դպրոցներում տեղաբաշխել նախադպրոցական խմբեր, որոնք կգործեն 6-ժամյա և 9-ժամյա ռեժիմներով` ըստ հաճախող երեխաների տարիքի: ԿԳ նախարարն առաջարկեց հստակեցնել դպրոցներում գործող հաստիքացուցակները` նախապատրաստական խմբերի գործունեության կազմակերպման նպատակով:

Կառավարության ղեկավարը առողջապահության նախարար Զոյա Լազարյանին հանձնարարեց առանձնակի ուշադրություն դարձնել նախադպրոցական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի որակին և սանիտարահիգիենիկ պայմաններին` սահմանելով խիստ վերահսկողություն:

Խորհրդակցությանը մասնակցող` քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հաղորդմամբ, մանկապարտեզներում և դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքները ևս ավարտման փուլում են` նոր ուսումնական տարվա մեկնարկին շինարարական առումով ամեն ինչ լինելու է պատշաճ որակով:

Քննարկման ընթացքում հնչեցին նախադպրոցական խմբերի լիարժեք գործունեությանը վերաբերող այլ առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին