Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Խորհրդակցություն ԼՂՀ կառավարությունում

12.09.2013

 Համապատասխան տեղեկատվությամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Այսպես, բերքահավաք իրականացվել է ցանքս կատարված 60 000 հեկտարից շուրջ 46 000-ում: Ընդհանուր առմամբ հավաքված է ավելի քան 80 000 տոննա հացահատիկ, հեկտարի կտրվածքով միջին բերքատվությունը կազմում է 17 ցենտներ (այդ թվում` ցորենը 18, գարին` շուրջ 16): Բերքի իրացման խնդիր չկա` կայացած համապատասխան պայմանավորվածությունները պահպանվում են:

Ընթացքի մեջ է եգիպտացորենի բերքահավաքը. ըստ գյուղնախարարի, միջին բերքատվությունը կազմում է շուրջ 20 ցենտներ: Եգիպտացորենի գինը, սակայն, նվազել է` պայմանավորված բարձր բերքատվությամբ, ինչն ազդել է գնագոյացման վրա, տեղեկացրեց գյուղնախարարը:

Իրականացվում են նաև այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներ: Ընդհանրապես, բերքահավաքը կատարվում է սահմանված ժամանակացույցին համընթաց և առավելագույնս անկորուստ, նշել է գյուղնախարարը:

Անդրադառնալով հաջորդ տարվա ցանքսի նախապատրաստական աշխատանքներին` Ա. Խաչատրյանը տեղեկացրել է, որ պետական ֆինանսավորմամբ շարունակաբար աճող և արդիականացվող գյուղտեխնիկայի պարկի շնորհիվ` նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ զգալիորեն մեծ ծավալի հերկ է կատարվել: Զուգահեռաբար, նախարարությունը և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ միասին, տնտեսվարողներից ընդունում են հացահատիկային կուլտուրաների սերմացուի հայտեր, ընդ որում, հանրապետությունում գործող սելեկցիոն կայանը կարող է բավարարել պահանջվող սերմացուի շոշափելի մասը, նշել է գյուղատնտեսության նախարարը:

Խորհրդակցությանը ներկա էին ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

← Վերադառնալ ցուցակին