Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի այցը ԳԴՀ

05.11.2013

Գերմանիայի Դաշնության Հանրապետության Հեսսեն երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Ֆեռայի և նույն երկրամասի Բեռգշտրասսե շրջանի ղեկավար Մատիաս Վիլկեսի հրավերով հոկտեմբերի 29-ին ԳԴՀ է ժամանել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Հոկտեմբերի 30-ին, Բեռգշտրասսե շրջանի ղեկավար Մ. Վիլկեսն իր նստավայրում ԼՂՀ վարչապետի պատվին կազմակերպել է ընդունելություն և մամուլի ասուլիս: Պրն Վիլկեսը լրագրողներին պատմել է Արցախ կատարած իր այցելության և դրական տպավորությունների, ապագա համագործակցության ծրագրերի մասին: Նա անդրադարձել է նաև օդանավակայանին, որն ըստ իրեն, Ադրբեջանի քաղաքական ճնշման հետևանքով դեռևս չի գործում և վնասում է տարածաշրջանի բնականոն զարգացմանը:
ԼՂՀ վարչապետը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը լրագրողներին համառոտ ներկայացրել են ԼՂՀ պատմությունը, հակամարտության ներկա իրավիճակը, բանակցային գործընթացը և նրա խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական երկու հանրապետությունների դիրքորոշումը:
Ընդունելության շրջանակներում ԼՂՀ վարչապետը հանդիսավոր կերպով Բեռգշտրասսե շրջանի «Ոսկե գրքում» Արցախի իշխանությունների կողմից հաստատել է շրջանի և ԼՂՀ-ի միջև բարեկամության կնքման սկիզբը: Բարեկամության հուշագրի տակ իրենց ստորագրություններն են դրել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Հովհաննիսյանը և ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը:
Նույն օրը Հեսսենում ՀՀ պատվո հյուպատոս պրն Ֆեռան Հեպպենհայմ քաղաքի իր նստավայրում ԼՂՀ վարչապետի պատվին կազմակերպել է ընդունելություն-ճաշ, որին ներկա էին ավելի քան 80 հոգի՝ դիվանագետներ, պատվո հյուպատոսներ, գործարարներ և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ: Իր ելույթում ԼՂՀ վարչապետը համառոտ ներկայացրել է Արցախի պատմությունը՝ նրա անցած ուղին և ներկայիս իրավիճակը:
Հոկտեմբերի 31-ին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը այցելել է Լապենհայմ քաղաքում գտնվող գյուղատնտեսական տարբեր մթերքներ արտադրող և ԵՄ շուկայում վաճառող մի խոշոր ընկերություն, որի ընթացքում նրա հիմնադիր և ղեկավար պրն Հառտմանը վարչապետին ներկայացրել է ընկերության պատմությունը, գործունեության սկզբունքները և նրա արդյունավետության բարձրացման մեխանիզմները: Հանդիպման ընթացքում ընկերության և ԼՂՀ կառավարության միջև ձեռք է բերվել փոխշահավետ համագործակցության խորացման պայմանավորվածություն:
Նույն օրը, Բեռգշտրասե շրջանում գտնվող Բենսհայմ քաղաքի Շպառկասսե բանկի մասնաճյուղում տեղի է ունեցել «Եվրոպա–ռեգիոնալ տնտեսական զարգացման շարժիչ» խորագրով միջոցառում, որի շրջանակներում ելույթներով հանդես են եկել Բեռգշտրասսե շրջանի հետ համագործակցող տարբեր ռեգիոնալ տնտեսական շրջանների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լեհաստանից, Լիտվայից և Ռուսաստանից (Կալինինգրադ), նաև` Բեռգշտրասսե շրջանում գործող գերմանական «Ֆրանկֆուրտ-Ռայն-Մայն» և «Ռայն-Նեկար» ռեգիոնալ տնտեսական միավորումների ներկայացուցիչները:
Որպես հնարավոր ապագա գործընկերոջ` Հայաստանի Հանրապետության անունից ելույթներով հանդես են եկել ՀՀ պատվո հյուպատոս պրն Ֆեռան և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Վերջինս ներկայացրել է ՀՀ տնտեսության այն կողմերը, որոնք կարող են հետաքրքիր լինել եվրոպական, մասնավորապես՝ գերմանական ներդրողների համար: Նա խոսել է ՀՀ-ում տնտեսության զարգացմանն ուղղված տարբեր ոլորտում իրականացվող մի շարք հեռանկարային ծրագրերի մասին:
Բենսհայմում կազմակերպված երեկոյի շրջանակներում, բացի նախապես նախատեսված ողջույնի խոսքից, առանձին ելույթով հանդես է եկել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նա ներկայացրել է Արցախի Հանրապետության տնտեսական իրավիճակը, նշել տնտեսության այն ոլորտները, որոնց հետագա զարգացման համար պահանջվում են դրսից իրականացվող ներդրումներ: ԼՂՀ վարչապետը շեշտել է, որ բոլոր ներդրումները պաշտպանվում են օրենքով, իսկ ԼՂՀ կառավարությունն ամենայն պատասխանատվությամբ պատրաստ է սատար կանգնել յուրաքանչյուր ներդնողին՝ ապահովելով ներդրված կապիտալի նպատակային օգտագործումը:
Այնուհետև ԼՂՀ վարչապետը, ՀՀ ԱԺ պատգամավորը և ՀՀ պատվո հյուպատոսը պատասխանել են ներկաների հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին