Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

08.11.2013

Կառավարության նիստում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի քննարկմանն էին ներկայացված «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը:
Նոր փոփոխությունների ընդունմամբ, մասնավորապես, հնարավոր կլինի որոշ չափով կրճատել զենքի շրջանառության անվտանգությանը սպառնացող ռիսկը: Արդյունքում` կնվազեն ոչ իրավասու անձանց զենքով պարգևատրելու հնարավոր դեպքերը, կհստակեցվեն պարգև տրված զենքի, մասնավորապես, մարտական ժառանգման ընթացակարգերը, լիցենզիաները և թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, կկանոնակարգվեն զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական ինքնապաշտպանական զենքի տեսակներից կհանվի անփող հրազենը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվող լրացմամբ պետական կառավարման մարմիններին տրամադրված կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները ԿԱՐՈՂ են փոխանցվել այլ անձանց միայն ԼՂՀ կառավարության որոշման հիման վրա: Քարտեզների տրամադրումը հնարավոր կլինի ոչ միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այլև` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների: ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են անկախ գույքի գտնվելու վայրից պետական գրանցման վարույթի հարուցման և տեղեկատության տրամադրման դիմումների ներկայացմանը, ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: Սակայն, հաշվի առնելով քաղաքացիների համար նման հնարավորություն ստեղծելու նպատակով ընթացիկ տարում անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը, անհրաժեշտություն է առաջացել 1 տարով երկարաձգել օրենքով սահմանված ժամկետը: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Կառավարության ընդունած մի շարք որոշումներ առնչվում են աուդիտ իրականացնող անձանց գործունեությանը: Դրանց ընդունումը պայմանավորված է աուդիտորական գործունեության բնագավառը կարգավորող ԼՂՀ կառավարության որոշումների համապատասխանեցման, հասկացությունների միասնական կիրառման անհրաժեշտությամբ: Սահմանվել են եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը: Հաստատվել է նաև աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը, որը տեղում ստուգումներ իրականացնելու ժամանակ ուսումնասիրվող հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակ է հետապնդում:
Նիստում ընդունվեց որոշում, որով կհստակեցվի ձեռնարկատիրական գործունեություն վարող անձանց կողմից հարկային մարմին ներկայացման ենթակա հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների շրջանակը: Հաստատված կարգով այսուհետ հնարավոր կլինի հարկ վճարողի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում հայտնաբերել արտադրանքի և ապրանքների մնացորդի պակասորդը:
ԿԱ ոստիկանության ծառայության կողմից ներկայացված որոշումների նախագծերով, որոնք արժանացան կառավարության հավանությանը, առաջարկվում է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերում օգտագործել նաև «C» և «F» «Z» տառերը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են : Մեկ այլ որոշմամբ բարձրացվել է մեծ պահանջարկ ներկայացնող տրանսպորտային միջոցների համարանիշների վճարի չափը` առավելագույնը հասցնելով 8 մլն դրամի:
Կառավարությունը հաստատեց 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԼՂՀ տարածքում անընդհատ իրականացվող հողերի պետական հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշռը)՝ ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի, գործառնական նշանակության և սեփականության սուբյեկտների:
ԼՂՀ-ում անասնաբուժական վճարովի համակարգի ներդրման և այդ բնագավառում սպասարկման ոլորտը կատարելագործելու նպատակին է ուղղված վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգի սահմանումը:
Նիստում գործադիրի հավանությանն արժանացավ արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը, որով առաջարկվում է կարգավորել համապատասխան գործընթացները:
Նիստում ընդունված այլ որոշումներից մեկը վերաբերում է պատմական միջավայրի պահպանության բնագավառին, ըստ այդմ` գրանցված պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կհանձնվեն «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ պահպանության, հանրահռչակման և տնօրինման նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին