Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

08.11.2013

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը ամփոփվել են աշնանացան մշակաբույսերի բերքահավաքի արդյունքներն ու քննարկվել շրջաններում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի ներկայացրած տվյալների համաձայն` մոտ 53 հազար հա ցանքատարածությունից հավաքվել է 98 հազար տոննա` 18,6ց/հա միջին բերքատվությամբ, ինչը, չնայած գերազանցում է անցած տարվա ցուցանիշը, սակայն, խորհրդակցության մասնակիցների գնահատմամբ, այնքան էլ գոհացուցիչ չէ:
Առայսօր հանրապետությունում կատարվել է 37,5 հազար հա հերկ, ցանվել 21 հազար տոննա ցորեն: Վարչապետի խոսքով` ցանքսն արդեն իսկ կատարվում է ուշացումով, հիմնականում` տեխնիկայի պակասի պատճառաբանությամբ: Ա. Հարությունյանը հանձնարարեց ճշտել ուշացման պատճառները, հայտեր ներկայացնել ՄՏԿ-ներում առկա գյուղտեխնիկային համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև պարարտանյութերի և թունաքիմիկատների ճիշտ ու ժամանակին գործածության, վնասատուների դեմ պայքարի կազմակերպման, ինչպես նաև գյուղամերձ հողատարածքների մշակության կազմակերպման նոր մեթոդների հետ կապված հարցեր:
 Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղնախարար Ա. Խաչատրյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Ա. Բախշիյանը, ՄՏԿ-ների տնօրեններն ու հողօգտագործման շրջանային բաժինների պատասխանատուները:
 

← Վերադառնալ ցուցակին