Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետի այց Քաշաթաղի շրջան

13.01.2014

Հունվարի 11-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված՝ կատարված աշխատանքների արդյունքներին ծանոթանալու և առկա խնդիրները բնակչության ու շրջանի ղեկավարության հետ քննարկելու նպատակով:
Վարչապետը եղավ մի շարք համայնքներում, մասնավորապես, այցելեց Բազմատուս բնակավայրում գտնվող անասնաֆերմա, որտեղ նրան ներկայացվեցին ֆերմայի հնարավորությունները և անասնաբուծության զարգացման համար առկա պայմանները: Արտաշավի և Վարդուտ համայնքներում Գործադիրի ղեկավարը ծանոթացավ նորակառույց դպրոցների պայմաններին՝ կարևորելով դպրոցաշինության դերը շրջանի զարգացման գործում, միևնույն ժամանակ շեշտադրելով, որ դրա արդյունավետությունը կախված է նաև ժողովրդագրական աճից: Շալուա համայնքում վարչապետը, շրջանի ու շրջակա համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ, հրավիրեց քննարկում-խորհրդակցություն:
Անդրադառնալով Քաշաթաղի այդ հատվածում վերջերս կատարված աշխատանքներին՝ Ա. Հարությունյանն ընդգծեց որոշ գյուղերի էլեկտրամատակարարման ցանցերի կառուցման և բնակարանաշինության ու դպրոցաշինության ծրագրերի առանցքային դերը: Վարչապետը կարևորեց նաև անասնաբուծության խթանմանը միտված պետական աջակցող ծրագրերի նշանակությունը՝ մատնանշելով տեղում անասնաբուծության ու մեղվաբուծության զարգացման հսկայական ներուժը: Նա կոչ արեց բնակչությանը՝ ավելի նախաձեռնող լինել հնարավորությունների օգտագործման հարցում և խոստացավ օժանդակել այդ ոլորտներին տրամադրվող պետական աջակցության ծավալների մեծացմանը: Ժողովրդագրական աճը համարելով Արցախի ապագայի հենասյուներից մեկը՝ կառավարության ղեկավարը հատուկ ընդգծեց նաև բազմազավակության խթանման ծրագրերի կարևորությունը:
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք գլխավորապես վերաբերում էին խմելու և ոռոգման ջրերի համակարգերին, տնտեսական զարգացման հեռանկարներին, բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանը և մի շարք այլ հիմնախնդիրների: Գործադիրի ղեկավարը տեղում տվեց հանձնարարականներ՝ բարձրացված որոշ խնդիրների լուծման նպատակով: Ա. Հարությունյանի խոսքով՝ Քաշաթաղի շրջանի կայուն զարգացումը կշարունակի մնալ կառավարության հատուկ ուշադրության ներքո, համարվելով ռազմավարական հարց Արցախի համար:
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը և Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին