Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ 2014Թ.ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

14.01.2014


 

Այսօր տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության նիստ՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Նիստում ընդունվեց «ԼՂՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշումը, որով, այլ հարցերի շարքում, հաստատվեցին պետական գնումների կազմակերպման գործընթացը, աշխատավարձերի բարձրացման նախապատրաստական աշխատանքների և 2013թ. աղետներից տուժած համայնքներին տրամադրվող փոխհատուցումների ցանկերը:

Կառավարությունը նաև լրացումներ և փոփոխություններ կատարեց նախկինում ընդունված մի շարք որոշումներում: Այդ փոփոխությունները պայմանավորված են 2014թ. հունվարի 1-ից գործող՝ եկամտային հարկի մասին նոր օրենքից բխող պահանջներով: Նոր որոշմամբ ճշգրտվեցին պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների դրույքաչափերը՝ նպատակ ունենալով բացառել փաստացի ստացվող աշխատավարձերի՝ եկամտային հարկի մասին նոր օրենքով պայմանավորված նվազեցումը:

Գործադիրի ղեկավարն իր խոսքում կարևորեց պետական բոլոր գնումների համապատասխանեցումը նախօրոք հաստատված ծրագրերին և լրացուցիչ ծախսերի համաձայնեցումը դրանց հետ: Վարչապետ Ա. Հարությունյանը կոչ արեց կառավարության անդամներին խստիվ հետևել ծրագրերի իրագործման համար նախատեսված ժամկետներին, որպեսզի դրանցից շեղումները չհանգեցնեն լրացուցիչ պարտավորությունների առաջացմանը: Կառավարության ղեկավարը նաև հանձնարարեց թոշակների տրամադրման գործընթացն ավարտել մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը:

 

← Վերադառնալ ցուցակին