Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում ագրարային համալսարանի ուսանողների և դասախոսների հետ

29.01.2014

Հունվարի 28-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Գործադիրի ղեկավարը կարևորեց ուսանողների հետ իր հանդիպումները, քանի որ դրանք, այլ միջոցառումների շարքում, հնարավորություն են տալիս ուղիղ կապի մեջ լինել հասարակության հետ:

Իր խոսքում անդրադառնալով գյուղատնտեսության նշանակությանը՝ վարչապետ Հարությունյանը մատնանշեց աշխարհի առջև ծառացած պարենային հիմնախնդիրը, որի լուծումը, ըստ նրա, զարգացած գյուղատնտեսությունն է: Այս տեսանկյունից կառավարության ղեկավարը շեշտադրեց Արցախի գյուղատնտեսության հսկայական ներուժի կիրառումը Հայաստանի պարենային անվտանգության ապահովման գործում, որի համար պետք է առանցքային դերակատարում ունենա գիտությունը:

Ա. Հարությունյանը, ներկայացնելով վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքները գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, առանձնացրեց մեքենատրակտորային բազայի հարստացումը հարյուրավոր միավոր գյուղտեխնիկայով, միլիարդավոր դրամների հասնող վարկերի և սուբսիդիաների տրամադրումը, ինչպես նաև անասնագլխաքանակի մեծ աճը, տոհմային կենդանիների բուծման հիմնումը և մշակաբույսերի բազմազանության ապահովումը: Վարչապետը կարևորեց նաև գյուղատնտես մասնագետների պատրաստման ուղղությամբ ձեռքբերված որոշ հաջողություններ, որտեղ նշանակալից է ագրարային համալսարանի դերը:

Գործադիրի ղեկավարն անդրադարձավ նաև գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց շարքում են՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների մասնագիտական ձեռնահասության բարձրացումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ֆինանսական խոշոր միջոցների ընդգրկումը, տեխնիկական պարկի վերջնական արդիականացումը ու հարստացումը և այլն: Վարչապետը հատուկ նշանակություն տվեց ուսանողների դերին այդ խնդիրների լուծման ճանապարհին, կոչ անելով նրանց իրենց գիտելիքները կիրառել գործնական ոլորտում: Կառավարության ղեկավարը խոստացավ ագրարային համալսարանին աջակցել համապատասխան փորձադաշտերի և տեխնիկական միջոցների ձեռքբերման գործում, որպեսզի կրթությունն ու գիտությունը հնարավորինս կիրառական դաշտ բերվեն:

Ա. Հարությունյանի խոսքից հետո ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց առաջարկները և հարցեր ուղղելու վարչապետին: Քննարկումների արդյունքում նախնականորեն ձեռք բերվեցին մի շարք գործնական համաձայնություններ կառավարության և համալսարանի միջև ավելի արդյունավետ համագործակցության վերաբերյալ:

 

 

← Վերադառնալ ցուցակին