Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը

11.02.2014

Կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:
Գործադիրի հավանությանն արժանացած երկու որոշում վերաբերում էր Արցախի գործարար միջավայրին. հաստատվեցին գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը և պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը: Նախատեսվում է այդ ոլորտում իրականացնել շարունակական բարեփոխումներ, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և պետական անհարկի միջամտությունները բացառելու անհրաժեշտությամբ:
Նիստում հաստատվեց տնտեսական զարգացմանն ուղղված 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Նախատեսված 30 մլն դրամով աջակցություն կցուցաբերվի տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպմանը, կվերազինվի սննդամթերքի փորձարկման լաբորատորիան և այլն:
Գործադիրի հավանությանն արժանացան 2014թ. պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերը և միջոցառումները: Մոտ 3 մլրդ դրամ է հատկացվելու 12 գյուղատնտեսական կարևոր նշանակության ծրագրերի իրագործման համար: Մասնավորապես, կիրականացվեն բույսերի պաշտպանության, անասնաբուժական և սանիտարական սպասարկման միջոցառումներ, աջակցություն կցուցաբերվի « Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին», տոհմային կայանին և այլ ծրագրերի: Նշված աշխատանքների իրականացման համար գյուղնախարարությունը պարտավորվում է պայմանագրեր կնքել համապատասխան ընկերությունների հետ` հաշվի առնելով կատարվող աշխատանքների առանձնահատկությունները և հետագա հսկողություն սահմանել դրանց նկատմամբ:
Կառավարությունը հաստատեց 2014թ. պետակա բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, համաձայն որի` նախատեսվում է 2014 թվականին կադաստրի համակարգի կողմից իրականացնել մոտ 303 մլն դրամ ընդհանուր արժեքով 10 ծրագրային աշխատանք, մասնավորապես, ԼՂՀ տարածքում համայնքների, բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանութագրման և կադաստրային քարտեզագրման, ԼՂՀ աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման և այլ ուղղություններով:
Հաստատվեց նաև 2014թ. պետական միջոցների հաշվին իրականացվող մարզական կենտրոնացված միջոցառումների և մարզական ֆեդերացիաներին ցուցաբերվող ֆինանսական օգնության ծրագիրը: Ֆեդերացիաների կողմից ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ բողոքներից խուսափելու համար վարչապետը հորդորեց ֆինանսները ըստ ֆեդերացիաների հատկացնել հիմնավորմամբ և արդար սկզբունքներով:
Էլեկտրական էներգիայի նախկին և գործող սակագների տարբերության փոխհատուցումից ելնելով` այսօր ընդունած որոշմամբ, պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը (ցերեկային սակագնի համար 13, իսկ գիշերայինի համար` 8 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Գործադիրի որոշմամբ փոփոխության ենթարկվեց ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների ու կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը` այնտեղ ընդգրկելով գյուղնախարարության նոր մասնաշենքը:
Հաստատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած ուսանողների` ԱրՊՀ ուսանողության շարքերում վերականգնելու նպատակով բակալավրի առկա ուսուցման համակարգում ձևավորված անվճար տեղերը: 7 մասնագիտությունների գծով 89 ուսանողի համար սահմանվել են համապատասխան տեղեր, որոնցից 19-ը` անվճար: Կառավարության անդամների հավանությանն արժանացավ նաև կրթության և գիտության նախարարության 2014 թ. կենտրոնացված միջոցառումների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է կրթական բարեփոխումներին նվիրված միջոցառումներ, առարկայական օլիմպիադաների, գիտաժողովների կազմակերպում ու հրատարակչական գործունեություն, դպրոցական ամառային հանգիստ և այլ միջոցառումներ:
Կառավարության հաստատմանը ներկայացվեցին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման, կազմման և ներդրման կարգերը: Քննարկման արժանացավ ԼՂՀ Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի շրջանների հուշարձանների պահպանական գոտիների, ինչպես նաև Շուշիի և Ասկերանի շրջանների վարչական տարածքներում գտնվող «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցի և Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի և Հադրութի շրջանի վարչական տարածքում գտնվող «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի հողերի ցանկի մասին որոշման նախագիծը: Ցանկում ընդգրկված պահպանության ենթակա պատմամշակութային մեծ տարածքները, ըստ Ա. Հարությունյանի` տնտեսական նշանակության աշխատանքներ կատարելու ժամանակ հնարավոր խնդիրներ կարող են առաջացնել, ուստի առաջարկվեց լրացուցիչ քննարկել և ուսումնասիրել հարցը:
Կառավարությունը հանդես եկավ նաև օրենսդրական նախաձեռնություններով: Քննարկվեց <Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին> ԼՂՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի վերահսկել հանրապետություն մտնող յուրաքանչյուր վտանգավոր բեռի ընթացքը, տեղեկատվություն ստանալ դրա վերաբերյալ և կանխարգելել վտանգավոր բեռի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու բնակչության վրա:
ԼՂՀ ընտանեկան օրենսգրքում և քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքում ներկայացված փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կանանց և տղամարդկանց համար սահմանել միևնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Միաժամանակ, կնոջ և տղամարդու համար հավասարապես սահմանվում են ամուսնական տարիքի բացառություններ. մասնավորապես, անձը կարող է ամուսնանալ նաև 17 կամ 16 տարեկանում, եթե առկա է վերջիններիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և եթե զույգերից մեկը 18 տարեկան է: Օրինագծերը կներկայացվեն Աժ-ի քննարկմանը:
Նիստի ավարտին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետը հանդես եկավ Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցության մասին հակիրճ տեղեկատվությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին