Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ուսանողական աշխատանքների մրցույթ «Արցախի Հանրապետության տնտեսական զարգացումը» թեմատիկայով

13.02.2014


Արցախի Հանրապետության կառավարությունը հայտարարում է ուսանողական աշխատանքների մրցույթ՝ «Արցախի Հանրապետության տնտեսական զարգացումը» թեմատիկայով, որին կարող են մասնակցել ԱՀ ԲՈՒՀ-երի՝ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող բոլոր ուսանողները:
Մասնակցության պայմանները
Մրցույթին մասնակցող աշխատանքը պետք է համապատասխանի հետևյալ պարտադիր չափանիշներին՝
• Պարունակի վերլուծություն և գործնական առաջարկներ Արցախի տնտեսության՝ ներքոնշյալ կամ դրանց հարակից ոլորտների զարգացման/բարելավման վերաբերյալ:
• Ցանկալի է չգերազանցի 2500 բառը կամ, միջին ստանդարտներով հաշված, մոտ 7-8 էջը:
• Գրված լինի հայերենով:
• Գրված լինի մեկ ուսանողի կողմից, սակայն ղեկավար-դասախոսի մասնակցությունը ևս թույլատրվում է՝ կախված ուսանողի ցանկությունից:
Թեմաները և ձևաչափը
Ուսանողներն ազատ են աշխատանքի թեմայի և ձևաչափի ընտրության հարցում: Թեմաների առաջարկվող և ցանկալի շրջանակը հետևյալն է, ինչը, սակայն, չի նշանակում, թե դրանց հարակից թեմաներով աշխատանքները չեն ընդունվելու:
1. ԱՀ կառավարության ծրագրի և/կամ պետբյուջեի վերլուծություն. առաջարկներ դրանց բարելավման ուղղությամբ:
2. ԱՀ տնտեսական աճին ուղղված առաջարկներ:
3. Տարածքային զարգացման վերաբերյալ առաջարկներ՝ ԱՀ կոնկրետ շրջանի/ենթաշրջանի օրինակով:
4. ԱՀ հարկային քաղաքականության վերլուծություն և բարելավման առաջարկներ:
5. ԱՀ զբոսաշրջության զարգացման վերաբերյալ առաջարկներ:
6. ԱՀ փոքր և միջին ձեռնարկատիրության միջավայրի զարգացման վերաբերյալ առաջարկներ:
7. ԱՀ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ առաջարկներ:
8. ԱՀ աշխատանքային շուկայի և սոցիալական ապահովության համակարգի բարելավման առաջարկներ:
Ընտրված թեման կարող է լինել թե՛ ընդհանուր որևէ ոլորտի, թե՛ նեղ օրինակի/դեպքի վերաբերյալ:
Դիմումի ներկայացման կարգը և վերջնաժամկետը
Աշխատանքը պետք է պարտադիր կերպով ունենա տիտղոսաթերթ, որի վրա նշված լինեն դրա հեղինակի անուն-ազգանունը, կրթական տվյալները (համալսարան, ֆակուլտետ և/կամ բաժին, կուրս), կապի տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ.հասցե) և ղեկավար-դասախոսի (եթե կա) անուն-ազգանունը: Դիմումի հաստատման վերջնաժամկետն է 2014թ. ապրիլի 19-ը: Աշխատանքները պետք է հանձնել և՛ էլեկտրոնային, և՛ տպագիր տարբերակներով: Եթե դրանցից որևէ մեկը նշված վերջնաժամկետից ուշ հանձնվի/ուղարկվի, ապա դիմումը չի ընդունվելու:
Աշխատանքի տպագիր տարբերակը, հեղինակի ուսանողական գրքույկի պատճենի հետ մեկտեղ, պետք է հանձնել ԲՈՒՀ-ում մրցույթի պատասխանատուին, իսկ էլեկտրոնային տարբերակն ուղարկել հետևյալ էլ.հասցեով՝
contest@gov.nkr.am
Մրցույթի անցկացման կարգը
Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո մրցութային հանձնաժողովը, որը կազմված է լինելու կառավարության ներկայացուցիչներից և ոլորտային փորձագետներից, առաջին փուլում ընտրելու է լավագույն 10 աշխատանքները: Դրանց հեղինակները երկրորդ փուլում հանդես են գալու իրենց աշխատանքների ներկայացմամբ, որի արդյունքում, հանձնաժողովը, հիմնվելով աշխատանքների՝ գլխավորապես գործնական առաջարկների արժեքայնության վրա, ընտրելու է երեք հաղթողներին:
Մրցանակներ
Առաջին երեք հաղթողներին տրվելու են դրամական մրցանակներ, մասնավորապես՝
• Առաջին տեղ՝ 300,000 դրամ:
• Երկրորդ տեղ՝ 200,000 դրամ:
• Երրորդ տեղ՝ 100,000 դրամ:
Եթե տվյալ աշխատանքը գրվել է ղեկավար-դասախոսի մասնակցությամբ, ապա մրցանակի 30 տոկոսը տրվելու է նրան:
Որակյալ այլ աշխատանքների հեղինակներին կտրվեն խրախուսական մրցանակներ:
Լրացուցիչ մանրամասների համար դիմել ԲՈՒՀ-երում մրցույթի պատասխանատուներին:

 

← Վերադառնալ ցուցակին