Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետը հանդիպեց մի շարք գյուղերի բնակիչների հետ և ծանոթացավ համայնքապետերի հաշվետվություններին

03.03.2014

Մարտի 1-ին և 2-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Խրամորթ և Խնապատ, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ, հանդիպումներ ունենալով տեղի բնակչության հետ:
Նախիջևանիկ և Վարդաձոր համայնքներում Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ գյուղերի ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերը շուտով կկառուցվեն՝ կառավարության և Ֆրանսիայում հայկական համայնքի համաֆինանսավորմամբ: Մատնանշելով տեղերում կատարված աշխատանքները՝ վարչապետը, այնուամենայնիվ, գյուղի զարգացումը պայմանավորեց տնտեսական ակտիվությամբ: Այս տեսանկյունից կառավարության ղեկավարը կոչ արեց բնակիչներին հետևել հողամշակման կանոններին, ինչը կհանգեցնի բերքատվության նշանակալի աճի: Նա կոչ արեց նաև այդ ճանապարհին արդյունավետ օգտվել պետության տրամադրած աջակցությունից, որը տրվում է արտոնյալ վարկերի, սուբսիդիաների, պարարտանյութերի, սերմացուների, դիզվառելիքի և այլ միջոցների տեսքով: Վարչապետը կարևորեց նաև գյուղատնտեսության բազմազանության ապահովումը՝ խորհուրդ տալով գյուղացիներին ավելի մեծ ծավալներով զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների և պտղատու այգիների մշակմամբ:
Կարմիր Շուկա համայնքում, բացի բնակչության հետ հանդիպումից, վարչապետ Ա. Հարությունյանը ծանոթացավ 300 աշակերտի համար կառուցվող դպրոցի նոր շենքի շինարարության, ինչպես նաև բազմաբնակարանային շենքերի կառուցման պլանավորման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը գոհունակություն հայտնեց Կարմիր Շուկայում և Թաղավարդում ջրամատակարարման, ճանապարհաշինության, դպրոցաշինության և համայնքային կենտրոնների շինարարության ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ շուտով կսկսվեն նաև մանկապարտեզների կառուցման աշխատանքները նշյալ գյուղերում, ինչը վերջին տարիներին գրանցված ծնելիության աճի համատեքստում ավելի արդիական խնդիր է դառնում:
Հանդիպումների վերջում բնակիչները վարչապետ Հարությունյանին ուղղեցին հարցեր և առաջարկություններ՝ ստանալով համապատասխան պարզաբանումներ: Այցերի ընթացքում գործադիրի ղեկավարին ուղեկցում էին արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը և Ասկերանի ու Մարտունու շրջվարչակազմերի ղեկավարները:
 

← Վերադառնալ ցուցակին