Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՆԱՍԻԲՅԱՆԸ

07.03.2014

Կյանքի 65-րդ տարում երկարատև և ծանր հիվանդության հետևանքով իր մահկանացուն է կնքել ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Սերգեյ Մուշեղի Նասիբյանը:
Սերգեյ Նասիբյանը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 13-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1970թ. ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:
1970-1972թթ. ուսուցչությամբ է զբաղվել Հայաստանի Հանրապետության Արարատի շրջանի Արմաշ գյուղում և Ստեփանակերտ քաղաքում:
1972-1973թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1972-1973թթ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի կոմերիտկազմում, որպես հրահանգիչ, բաժնի վարիչ, Ստեփանակերտի կոմերիտքաղկոմի առաջին քարտուղար:
1976-1978թթ. աշխատել է կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմում՝ որպես հրահանգիչ, բաժնի վարիչ:
1979-1992թթ. աշխատել է արհմիություններում՝ լուսավորության աշխատողների արհմիության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի նախագահ, արհմիությունների մարզային խորհրդի (հետագայում՝ ֆեդերացիայի) նախագահի տեղակալ:
1992-2005թթ. աշխատել է ԼՂՀ նախարարների խորհրդի (հետագայում՝ ԼՂՀ կառավարության) աշխատակազմում՝ կազմհրահանգչական, այնուհետև՝ վարչատարածքային կառավարման բաժնի վարիչ:
2005-2010 թթ. ընտրվել և պաշտոնավարել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
2010 թվականից մինչ իր մահկանացուն կնքելը Սերգեյ Նասիբյանը ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետն էր:
Պարգևատրվել է Արցախի Ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» մեդալով:
Ամուսնացած էր, ունի 2 դուստր:
Իր զբաղեցրած պաշտոններում աչքի է ընկել բարձր պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ ու բանիմացությամբ, ծառացած խնդիրները ժամանակին և արդյունավետորեն լուծելու կարողությամբ:
Սերգեյ Նասիբյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա նրա գործընկերների և ճանաչողների սրտերում`որպես արհեստավարժ, բանիմաց, սկզբունքային ու մարդկային բարձր արժանիքներով օժտված անհատ:
Հանգուցյալի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը 17:00-ին ք. Ստեփանակերտ, Այվազովսկու 11 հասցեում, իսկ հուղարկավորության արարողություն` մարտի 8-ին, ժամը 12:00-ին` նույն հասցեից:

 

 

← Վերադառնալ ցուցակին