Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Վարչապետը ներկայացրեց առողջապահության նոր նախարար Հարություն Քուշկյանին

14.03.2014

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը առողջապահության համակարգի աշխատակիցներին և լրագրողներին ներկայացրեց նախագահի հրամանագրով առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանին, ինչպես նաև իր որոշումը՝ Զոյա Լազարյանին նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Կառավարության ղեկավարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Հ. Քուշկյանին ԼՂՀ առողջապահության նախարարությունը ղեկավարելու` նախագահի առաջարկն ընդունելու համար: Վարչապետը ողջունեց նաև Զ. Լազարյանի որոշումը` շարունակել աշխատել համակարգում, և համոզմունք հայտնեց, որ այդ երկու գործիչների միասնական աշխատանքի արդյունքում Արցախի առողջապահական համակարգը լուրջ ձեռքբերումներ է ունենալու:

Ա. Հարությունյանը, ընդգծելով առողջապահության ոլորտի կենսական նշանակությունը հանրապետության համար և այդտեղ կատարված հսկայական աշխատանքները, համակարգի զարգացման, հետագա բարեփոխումների իրագործման և բնակչության շրջանում վստահության մակարդակի բարձրացման ճանապարհին կարևորեց նոր նախարարի նշանակումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Հ. Քուշկյանի փորձառությունն ու հմտությունները թույլ են տալու բարձրացնել ոլորտի զարգացմանը նվիրված՝ նախագահի նախընտրական և կառավարության ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

Իր խոսքում նորանշանակ նախարարը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին բարձր վստահության համար՝ պատրաստակամություն հայտնելով աշխատել հանրապետության առողջապահական համակարգի զարգացման ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նա համոզմունք հայտնեց, որ թիմային աշխատանքով համակարգի ողջ անձնակազմը հասնելու է իր առջև դրված խնդիրներին: Նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Զ. Լազարյանը իր հերթին շնորհավորեց Հ. Քուշկյանին և վստահություն հայտնեց, որ նա ի վիճակի է լինելու ի մի բերել Արցախի և Հայաստանի հանրապետությունների առկա ներուժը տեղի առողջապահական համակարգը զարգացնելու ճանապարհին:

 

← Վերադառնալ ցուցակին