Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ցրտահարությունը նշանակալի վնասներ չի հասցրել գյուղատնտեսությանը

01.04.2014

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ նվիրված աղբահանության և գարնանացանի աշխատանքներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց ապրիլի 7-ից մայիսի 9-ը շաբաթօրյակների շարք սկսել ողջ հանրապետությունում՝ մաքրելու և բարեկարգելու թե՛ հանրապետական ու միջհամայնքային նշանակության ճանապարհները, թե՛ քաղաքների փողոցները և թե՛ զբոսաշրջային այցելությունների վայրերը: Նա հորդորեց շրջանների վարչակազմերի ղեկավարներին և խորհրդակցության մյուս ներկաներին անձամբ մասնակցել շաբաթօրյակներին և օրինակ ծառայել քաղաքացիներին: Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առավելագույն աջակցություն է ցուցաբերելու նյութատեխնիկական միջոցների տրամադրմամբ, իսկ պատասխանատու մարմինները պետք է այդ աշխատանքներում հնարավորինս ընդգրկեն երիտասարդությանը, դպրոցականներին և աշխատանքային կոլեկտիվներին: Վարչապետը նաև հանձնարարեց շաբաթօրյակները դարձնել պարբերական՝ չսահմանափակվելով միայն նշյալ մեկամսյակով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մաքրման միջոցառումներին զուգահեռ անցկացնել նաև բացատրական աշխատանքներ՝ կանխարգելելու համար միջավայրի հետագա աղտոտումը:
Խորհրդակցության ժամանակ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մարտի 30-31-ին գրանցված օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը նշանակալի վնաս չի հասցրել հանրապետության գյուղատնտեսությանը: Հիմնականում տուժել են դեղձի և ծիրանի ծառերը, իսկ հացահատիկային մշակաբույսերի համար տեղումները բարենպաստ էին: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը զեկուցեց, որ գարնանացան սերմացուների, պարարտանյութերի ու թունաքիմիկատների պահանջվող ծավալները առկա են, և դրանց բաշխման գործընթացն ընթանում է իր հունով: Անդրադառնալով մեքենատրակտորային պարկի՝ գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստվածությանը՝ նա նշեց, որ վերջերս ներկրված 40 բելառուսական տրակտորներն արդեն իրացվել են, և շուրջ 40 հատի պահանջարկ ևս կա: Վարչապետ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հիմնադրամը կսկսի գյուղտեխնիկայի սարքավորումների ձեռքբերման համար տրվող արտոնյալ վարկերի տրամադրման ծրագիր՝ խուսափելու համար աշխատանքների տեխնիկական խափանումներից:
 

← Վերադառնալ ցուցակին