Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արցախում առկա է զգալի ժողովրդագրական աճ արտագաղթի փոխարեն

02.04.2014

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արա Հարությունյանը հանդիպեց այդ բուհի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:
Կառավարության ղեկավարը ողջունեց ուսանողների՝ իր հետ հանդիպելու նախաձեռնությունը, կարևորելով նմանատիպ հանդիպումների նշանակությունը իշխանություն-քաղաքացիական հասարակություն կապի ապահովման, երիտասարդության կարծիքը լսելու, ինչպես նաև պետական համակարգում աշխատելու համար նոր կադրեր ընդգրկելու գործում: Նա անդրադարձավ Արցախում խորհրդային շրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պայմաններին՝ նշելով, որ արցախահայությունն անընդհատ սեփական ինքնության դեմ ուղղված ոտնձգությունների ականատեսն էր: Մասնավորապես՝ չէր թույլատրվում ազգային տոները նշել, դպրոցներում հայերենի դերը երկրորդ պլան էր մղված և այլն: Ա. Հարությունյանը շեշտադրեց, որ արցախահայությունը վճռական է իր ինքնության պաշտպանության խնդրում և պատերազմով է վաստակել իր անկախության իրավունքը: Ըստ նրա՝ Արցախի բնակիչները ընտրել են ժողովրդավարական զարգացման ճանապարհը և այդ ուղղությամբ գրանցել նշանակալի հաջողություններ:
Վարչապետը, պատասխանելով կուսակցական համակարգի կայացվածության վերաբերյալ հարցին, նշեց, որ Արցախում այն միայն վերջին տարիներին է ձևավորման փուլ մտել, ինչը պայմանավորված է սահմանադրության ընդունմամբ և ընտրական համակարգում համամասնական համակարգի ներդրմամբ: Նա հավելեց, որ հաջորդ տարվանից արհեստավարժ Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը լրացուցիչ խթան կհաղորդի կուսակցաշինությանը:
Աղանդավորության դեմ պայքարի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վարչապետն ընդգծեց, որ Արցախում այդ խնդիրը թույլ է արտահայտված, քանի որ օրենքը խիստ է աղանդավորական կազմակերպությունների նկատմամբ: Նրա խոսքով՝ տարիներ առաջ, երբ խստացվեց կրոնական ազատությունների վերաբերյալ օրենքը, «Ֆրիդոմ հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միայն այդ պատճառով իջեցրեց Արցախի Հանրապետության ժողովրդավարացման գնահատականը: Սակայն, ըստ Ա. Հարությունյանի, հայության ազգային դիմագծի պահպանումն առավել կարևոր հարց է, և ԼՂՀ իշխանությունները հետևողական են այդ գործում:
Անդրադառնալով հանրապետության արևելյան և հարավային շրջանների սահմանամերձ տարածքները զարգացնելու նախագծերին՝ կառավարության ղեկավարը մատնանշեց Արաքսի հովտում մեկնարկած մի շարք խոշոր նախագծեր, որոնք, ըստ նրա, ցրում են այդ տարածքների քաղաքական ապագայի վերաբերյալ կասկածները: Ա. Հարությունյանի խոսքով՝ խնդիրը միայն ռեսուրսների սղության մեջ է. աստիճանաբար զարգացվում են Արցախի այդ տարածքները, կառուցվում համապատասխան ենթակառուցվածքներ՝ ըստ առաջնահերթության:
Արտագաղթի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ Արցախում, ինչպես բոլոր երկրներում, կա բնակչության փոքր ծավալի արտահոսք, որն ավելի շատ արտահայտվում է ժամանակավոր աշխատանքային արտագաղթի տեսքով: Դրան զուգահեռ, ըստ Ա. Հարությունյանի, վերջին տարիներին գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ՝ թե՛ մեխանիկական , թե՛ բնական աճի տեսքով: Նա շեշտեց, որ եթե 2002-2007թթ. Արցախում տարեկան ծնվում էր շուրջ 2100 երեխա, ապա 2008-2013թթ. այդ թիվը տատանվում էր 2500-2600-ի սահմաններում՝ ապահովելով շուրջ 20 տոկոս ծնելիության աճ: Վարչապետը կարևորեց տնտեսական զարգացումը և՛ արտագաղթի կանխման, և՛ ժողովրդագրական բնական աճ ապահովելու ուղղությամբ: Նա տնտեսական զարգացման ճանապարհին կառավարության աշխատանքը գնահատեց բավարար, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում հաջողվել է գրանցել տարեկան մոտ 9 տոկոս ՀՆԱ-ի աճ:
Վարչապետ Ա. Հարությունյանը պատասխանեց ուսանողներին հուզող մի շարք հարցերի ևս: Հանդիպման վերջում նա վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների: Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց պարգևատրվողներին իրենց հայրենանվեր աշխատանքի համար՝ կարևորելով նրանց դերը սերունդների դաստիարակության գործում:

 

← Վերադառնալ ցուցակին